Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/85

Այս էջը հաստատված է

շատ ես շտապել։ Եթե մինչև անգամ հորեղբայրդ սնանկ էլ լիներ, եթե նա չկարողանար մի կոպեկ անգամ տալ քեզ քո հոր ժառանգությունից, դարձյալ դու չպիտի հեռանայիր նրանից։ Նա անուն ունի, Ռուբեն, ծանոթներ ունի, մեծ-մեծ բարեկամներ ունի, այ քեզ ինչ է հարկավոր... Դու նրա միջոցով կարող ես լավ կարիերա ստեղծել քեզ համար։ Այդ կարիերան դու մենակ, քո ուժերով, երբեք չես կարող ունենալ։ Ահա իմ ընկերական խորհուրդը, գնա՜, ներողություն խնդրիր և կրկին մտիր նրա հովանավորության տակ։

Արտասանելով այս բանախոսությունը, բժիշկ Մելիք-Բարսեղյանը յուր ամուր գլխարկի մի ծայրը դրեց ծնկներին, մյուսի վրա հենեց ձեռները, սպասելով պատասխանի։

— Քո խորհուրդը, Վասիլ,— խոսեց Ռուբենը կես-հեգնաբար և կես-դառնագին ժպտալով,— արժե, որ լսեր ինձանից ավելի մի խելոք մարդ։ Դու շատ խոհեմ, գործնական միջոց ես առաջարկում ինձ, բայց... սիրելի Վասիլ, այլևս ուշ է, ես չեմ կարող քո այդ խելոք խորհրդով օգտվել։ Հորեղբորս ընտանիքի և մեր մեջ բարեկամական կապը արդեն կտրված է։ Եթե դու այսօր ներկա լինեիր, երբ մենք տեղափոխվում էինք այստեղ, կհավատայիր, որ այդ կապը այլևս անհնարին է նորոգել։

— Ուրեմն դու կռվեցի՞ր նրանց հետ։

— Ես լսեցի մի ծանր հանդիմանություն, ես լսեցի, որ քույրս և ես ութ տարի շարունակ ձրիակերներ ենք եղել հորեղբորս տանը։

— Հորեղբորի՞ցդ լսեցիր։

— Ոչ, նրա կնոջից,— պատասխանեց Ռուբենը, շրթունքը կրծելով, — բայց այդ միևնույնն է, նա էլ լսեց և լռեց, այո, լռեց...

— Րոպեի ազդեցության տակ մարդ շատ բան է ասում, շատ բան է անում, Ռուբեն, բայց հետո ափսոսում է։ Ես համոզված եմ, որ եթե դու վերադառնաս, ներողություն խնդրես, տիկին Սադափյանը յուր խոսքը ետ կառնի և քեզ համբուրելով կընդունի...