Ասում են չունենք, չունենք։ Սո՛ւտ, ես ճանաչում եմ ձեզ, էէէ, շատ լավ եմ ճանաչում։ Դուք ուրախանում եք, երբ մեկը, որ ձեզանից բարձր է, ձեզանից ցած է ընկնում, դուք ուզում եք նրան ոտնատակ անել, խեղդել, սպանել։ Նախանձը ցեցի պես ուտում էր ձեր սիրտը, երբ տեսնում էիք, որ Սադափյանի թուրը երկու կողմով էլ կտրում է։ Հիմա անհամբեր սպասում եք, որ ընկնեմ... Ոչ, ոչ, չեմ ընկնիլ, քանի՛ աչքումս լույս կա, գլխումս խելք, էլի ամենին ետ կթողնեմ, ինչպես մինչև օրս ետ եմ թողել»...
Նա բարձրացավ տեղից և սկսեց հուզված անցուդարձ անել։ Նա մտածում էր ո՞ւր դիմել փող ստանալու համար։ Մնում էր դարձյալ Հալաբյանը։ Բայց նա տվել էր արդեն տասնուհինգ հազար, կտա՞ էլի։ Դեռ երեկ Նիկողայոսր նրան ակնարկել էր յուր գործերի դրության մասին, հասկացնելով, որ փող է հարկավոր մի քանի մուրհակներ ազատելու բանկերից։
«Նա խոսքը կտուր գցեց։ Նա էլ չի հավատում ինձ. նա էլ է հեռու փախչում ինձանից այն օրից, երբ եղբորս որդիները դուրս են եկել իմ տնից։ Սոփիոն ասում է, նա աչք ունե Մարիամի վրա. թող գլուխը քարին տա, ինչ ուզում է անի, ում վրա ուզում է պսակվի, միայն ինձ օգնի, իի՜նձ։ Ախ, անիծված փող, ո՞րտեղ ես մի հիսուն հազար... Հենց այսօր գործերս կդրստեի ու ամենի երեսին կթքեի»...
Նա վճռեց նամակով խնդրել Հալաբյանին։ Այն, ինչ որ բերանացի դժվարանում էր ասել, գրչով հեշտ էր գրել։ Առաջին տողերից հետո նա կանգ առավ, ճակատը մռայլվեց։ Նա որոնում էր այնպիսի դարձվածներ, որ կարողանային շարժել Հալաբյանի գութը։ Եվ գտավ։ Մարդս մարդով է ապրում, նեղությունը ամենի համար է, կարոտողին օգնելը աստծու պատվերն է։ Աշխարհին հայտնի է, որ Նիկողայոս Սադափյանր թղթամոլ չի, շառլատան չի։ Նա ազնիվ վաճառական է, ընտանիքի տեր է։ Նա հավիտյան չի մոռանալ այն մարդուն, որ այս նեղ օրին ձեռք կմեկնի նրան։ Նա ավարտեց նամակը, մատը սեղմեց պատի էլեկտրական զանգակի կոճակին։