Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/101

Այս էջը հաստատված է

Ահա, վերջապես, Աֆշերոնյան թերակղզու հետևից բարձրանում է բոսորագույն արեգը որպես հալած բրոնզի մի հսկայական գավաթ, հանդարտ, հպարտ, ինքնավստահ, որպես տիեզերքի գերիշխան և լողալով ինքն իր մեջ որպես հրեղեն ծով։ Բարձրագույն ամպերի դեզերը վառվում են աբեթի պես և լուսավորվում, լուսավորելով երկնակամարը։ Բյուրավոր ճառագայթները զմայլելի բոցեղեն ծովից տարածվում են հեռու ու հեռու, վանելով գիշերային մթության մնացորդը։ Ոսկեզօծվում են նավերի կայմերն ու առագաստները, տների ճակատները, ապակյա լուսամուտները, շրջակայքի լերկ և ավազոտ լեռները, գերեզմանները, եդեմներն ու խաչերը և այն քարաշեն հսկայական աշտարակը, որի վրա դրոշմված է մի առասպելական հերոսուհու կյանքի ողբերգը։

Աստղերը հետզհետե կորցնում են իրենց փայլը, էլեկտրական լույսերը հանգչում, ձայներն ու դղրդյունները սաստկանում։ Նավերն ու շոգենավերը, որ իրենց խարիսխների վրա հանգստանում են ամառային երթևեկությունից հետո, մեղմիկ օրորվում են ծովի երեսին` որպես վիթխարի կարապներ։ Պատանի ձկնորսները պատրաստում են ուռկաններն ու կարթերը, որ իրենց օրվա պարենը հայթայթեն։ Նավաստիները լվանում էին իրենց նավերի տախտակամածները, երգելով այն առողջ, առնական ձայներով, որոնց մեջ զգացվում է անապական ջրերի տարերային զորությունը։ Անթիվ հակերով ու տակառներով ծանրաբեռնված փայտյա երկայն կայարանների վրա աշխատում են հազարավոր բանվորներ` նավերը դատարկելով, նավերը լցնելով` միշտ մեջքից թեքված, միշտ նայելով դեպի երկիր որպես անբան գրաստներ, որոնց բնությունը ձեռներ չի տվել։

Աջ կողմից լսվում էր փոքրիկ բոժոժների մետաղային մեղմ ու ներդաշնակ հնչյուններ, որ հիշեցնում են ինչ-որ երկնային նվագածություն։ Ուղտերի մի երկայն շարք բարձրանում է քաղաքից դեպի ավազոտ լեռները` մի նեղ շավղով, որ տանում է հեռո՜ւ, հեռո՜ւ, երկրի խորքերը, ուր տակավին շոգին մուտք չի գործել: Նայելով բիբլիական կենդանիների կարավաններին, մարդ կարծում է, թե գտնվում է