Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/102

Այս էջը հաստատված է

հնադարյան անապական աշխարհում։ Նայելով դեպի ձախ, անթիվ շոգենավերին, գործարաններին, էլեկտրական լույսերին` ժամանակակից քաղաքակրթությունն է աղաղակում — շոգու և երկաթի գոռոզ թագավորությունը։ Մի կողմ Ասիա, մյուս կողմ` Եվրոպա — հակադրությունների մի կատարյալ քաոս, ուր նորը կատաղի կռիվ է մղում հնի դեմ։

Սմբատը դիտում էր աննման տեսարանն ու հրճվում։ Բայց նրա հրճվանքի մեջ կա զորավոր թույնի մի կաթիլ, որ փոթորկում է նրա հոգին և, սիրտն սկսում է աղի արցունք թափել։ Բնության թովիչ արթնումը հիշեցնում է նրան իր կյանքի վաղաժամ նիրհը։ Մոռանում է շուտով բոլորը` և՛ Միքայելին իր խմբով, և՛ հայրական գործերը, և՛ կեղծ ու ոչ կեղծ կտակները և եղբոր օր-օրի վրա սաստկացող սպառնալիքները։ Ամեն ինչ և ամենքին, բացի զավակներից։ Ա՛հ, մի՞թե բյուր անգամ նա երջանիկ չէր լինի. ապրելով կիսամերկ, կիսանոթ, լիներ ազատ, չունենար ամուսնական ձախորդ վիճակը, ինքն իր մոլորությամբ չխորտակեր իր կյանքը... ութ տարի առաջ...

Նա նստեց ծովափի մի նստարանի վրա հոգնած ու ուժասպառ՝ ոչ գիշերվա անքնությունից կամ ոգելից ըմպելիքներից, այլ հոգեկան տառապանքներից։ Ամենուրեք, ուր նայում էր, տեսնում էր երկու անմեղների դառը կշտամբանքով և կսկծալի աղերսով դեմքերը, այդ երկու զույգ աչքերը, որոնց շողերը մի-մի ասեղներ էին նրա սրտի մեջ։ Ո՛չ, ո՛չ, նա երբեք նրանց չի ձգիլ ճակատագրի հաճույքին, երբեք չի անջատվիլ նրանից՝ ո՛չ հանուն հայրական անեծքի, ո՛չ հանուն կրոնի, ո՛չ մայրական աղերսների և ո՛չ հասարակական նախապաշարումների ու արհամարհանքի։

Աղավնիներն ու ճնճղուկները թռչկոտում են այս ու այն կողմ` իրենց համար կեր որոնելով։ Ա՛հ, նույնիսկ թռչուններն աշխատանքի մեջ են և միայն մի խումբ մարդիկ, թմրած, դանդաղաքայլ անցնում են ծովափով, ըստ երևույթին անփույթ ու անհոգ, բայց իրոք կյանքից հոգնած ու ձանձրացած երիտասարդ հասակում։ Նրանց համար օրը նոր է վերջանում, գիշերը նոր է սկսվում, զեխությամբ, հարբեցողությամբ լի օրը, հիվանդոտ, անբնական գիշերը։ Առջևից