թառ ածելով ու երգելով գնում են ասիական երաժիշտները, հետևից գալիս են մի քանի դատարկ կառքեր, հուսալով տանել «աղաներին» իրենց տները և ստանալ առատ վարձ։ Աջ ու ձախ գնացող գործավորները նայում են խմբին անտարբեր։ Հարստահարվածի ու ընկճվածի անզոր կատաղության հետ` նրանց գունատ ու վտիտ դեմքերն արտահայտում են և՛ մի տեսակ արհամարհանք, ազնիվ աշխատանքի արհամարհանքը դեպի ձրիակերությունը։ Ոչ ոք կանգ չի առնում շվայտության պատկերով զվարճանալու, վասն զի գործարանների սուլիչները հրամայողաբար գործի են կանչում նրանց, և նրանք չունին իրավունք մի վայրկյան անգամ ուշանալու։
Հանկարծ երեք մշակ, խումբը ճեղքելով, վազում են առաջ։ Բարձրանում է միահամուռ ծիծաղ։ Ոմանք ծափահարում են, ոմանք քարեր արձակում մշակների հետևից։ Ասիական երաժիշտները նվագում են ինչ-որ եվրոպական քայլերգ։ Մշակների ուսերի վրա նստած են Գրիշան, Մոսիկոն և Միքայելը։ Գդակները վեր բարձրացրած ու գոռգոռալով, նրանք ոտներով անխնա հարվածում են բանվոր գրաստների փորերն ու կողերը։ Ինչո՞ւ չէ. նրանք մի ռուբլի են տվել մարդկային էակներին, որ կատարեն անասնի պաշտոն, իսկ մի ռուբլին մշակի երկու օրվա վարձն է։ Եվ մշակներն ուրախ են, ծիծաղում են ու քրքջում. աղաներն են, թող քեֆ անեն, աղային ամեն ինչ ներելի է։
Սմբատը լուռ նայում է ծովի հեռավոր հորիզոնին, ուր առավոտյան նոսր, մանիշակագույն մշուշի մեջ նշմարվում է մի փոքրիկ կղզի։ Վաղը, մյուս օրն այդ կղզու հետևից կերևա շոգենավը, որ բերելու է նրա զավակներին ու կնոջը, այլ խոսքով նրա ուրախությունն ու վիշտը։
Մի վայրկյան երեսը ծովից դարձնելով, նա նկատեց պատանիների մի խումբ, որ երգելով ու աղաղակելով մոտենում էր ծովային լողարաններից մեկին։ Մեկը բաժանվեց խմբից և սկսեց շտապով հեռանալ։ Արշակն էր — Սմբատի կրտսեր եղբայրը, ռեալական դպրոցի աշակերտը ծպտյալ հագուստով։ Սմբատը հետևեց պատանուն և բռնեց փողոցի մեջտեղում։