Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/105

Այս էջը հաստատված է

Չհեռագրե՞լ արդյոք, որ այդ կինը մնա իր ծննդավայրում... Սակայն զավակները, այդ մի զույգ անմեղ ու զմայլեյի դեմքե՞րը...

VIII

Երբեք Ալիմյանների տունն այնքան անկոչ հյուրեր չէր ընդունել, որչափ Մարկոս աղայի մահվան քառասունքից հետո։

Ամենից առաջ եկավ թեմական առաջնորդը և դարձյալ խոսեց եկեղեցու կարիքների մասին: Հարկավոր է թեմի մի գյուղում եկեղեցի կառուցանել, եթե ոչ — գյուղական համայնքը կորած է։ Լյութերականները մտել են և Քրիստոսի փարախից մեկիկ-մեկիկ գողանում են անմեղ գառնուկներին։

Այրի Ոսկեհատը սրբազանին ներկայացրեց մի բավական կլորիկ գումար։ Երեք օր անցած մի լրագրում նորին սրբազանության ստորադրությամբ տպվեց շնորհակալական նամակ «հօրինակ այլոց հավատացելոց»։

Ներկայացան առանձին-առանձին Տեր-Աշոտը և Տեր-Սիմոնը։ Մեկը ֆերաջեի թևից հանեց մի ստորագրաթերթ և դրեց Սմբատի առջև։ Պետք է մի բան նվիրել այսինչ «հայտնի գործիչի և հրապարակախոսի անմահ երկերը հրատարակելու գործին», մի գործիչ, որ եթե աշխարհ եկած չլիներ, հայ ազգը կորած էր։ Մյուսը տխուր գույներով նկարագրեց մի խմբագրի նյութական վիճակը. մի խմբագիր, որ եթե ծնված չլիներ, եկեղեցին հիմնահատակ կլիներ։

Սմբատը երկուսին էլ մի բան տվեց՝ գլուխն ազատելու համար։ Մի քանի օր հետո այս մասին էլ լրագրում լուրեր տպվեցին։ Մի լրագրում գովված էր Տեր-Աշոտը և խայտառակված էր Տեր-Սիմոնը, իբրև «խավարամիտ», մյուս լրագրում գովված էր Տեր-Սիմոնը և խայտառակված էր Տեր-Աշոտը, իբրև «ծակ ազատամիտ»։

Ներկայացավ մի երիտասարդ և հայտնեց, թե երգեցողության պրոֆեսորներն ասել են, որ նա անզուգական տենոր է. պետք է գնա Իտալիա, փող չունի։ Ներկայացավ մի