Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/11

Այս էջը հաստատված է

չափ մերկ, գլուխն անզոր վար թեքած։ Բժիշկը նորից նրա կաշվի տակ մեջքի կողմից սրսկում էր ինչ-որ սթափեցուցիչ հեղուկ։ Անհրաժեշտ էր քանի մի րոպե ևս պահպանել կյանքը հյուծված ու քայքայված անոթի մեջ։

Մահամերձն աչքերը բաց արավ, գլուխը դանդաղորեն բարձրացրեց։ Նրա դեմքն արդեն ընդունել էր մահանիշ հողագույն ստվերագծեր, բերանի անկյունների բնորոշ ակոսներն այժմ հարթվել էին, կլորիկ երեսը երկայնացել էր, մնում էր ինչ-որ անհանգստության մի թույլ ժպիտ թառամած շրթունքների վրա։

Բժիշկը կամացուկ հաղորդեց նրան որդու ժամանման լուրը։ Նույն վայրկյանին եկվորը, մի կողմ ձգելով գլխարկն ու ճամփու պայուսակը, չոքեց ծերունու մահճակալի առջև և գլուխը թեքեց, որ համբուրե մեռնողի չոր, սառած ձեռը։

Կյանքի վերջին շողը լուսավորեց Մարկոս Ալիմյանի հողագույն դեմքը, աչքերը լայն բացվեցին, և մի անցողիկ ուրախություն վայրկենաբար պարպեց հոնեղ ճակատը, որ նրա վաթսունամյա գոյության ընթացքում երբեք չէր արտահայտել զվարթություն։ Արյունաքամ շրթունքների միջից արձակելով մի խուլ մրմունջ, թույլ ձեռներով գրկեց որդու գանգրահեր գլուխը և սեղմեց կրծքին, որքան կարող էր ամուր։

Տիկին Ալիմյանն սկսեց հեկեկալ։ Նրան հետևեց իր աղջիկը, հետո՝ որդիները։ Այժմ ծերունին կարող էր իր հողին ավանդել, о՜о, ոչ հանգիստ, ինչպես կփափագեր, այլ մի անջնջելի վիշտ սրտի մեջ։ Ութ տարի էր նա չէր տեսել որդուն, անդրանիկ որդուն, որի վրա այնքան հույսեր էր դրել, որին սիրել էր ամենից ավելի և որին պիտի հանձներ իր բոլոր գործերը։ Եվ ոչ միայն չէր տեսել, այլև չէր ուզում տեսնել, նույնիսկ լսել անգամ նրա անունը։ Ա՜հ, ո՛րքան հուսախաբ արավ նրան այդ սիրված որդին և ո՛րքան տանջանքներ պատճառեց, որպիսի հոգեկան մորմոք, որը թշնամիներից և նախանձամիտներից քաշելու համար հարկավոր էր գերբնական կամքի զորություն։ Անիծվի՛ այն օրը, երբ նա թույլ տվեց ի՛ր Սմբատին գնալ ուրիշ երկիր՝ ուսումը