զավակների հետ։ Դժբախտությունը հիշեցրեց նրան և դրդեց աղերսալի նամակով դիմել մոռացված եղբոր օգնության։ Եղբայրն ընդունեց նրան քրիստոնեական ներողամտությամբ և այն օրից կերակրում էր անդամալույծին, կնոջն ու աղջկան։
Երջանիկ մարդուց այժմ մնացել էր կես կմախք, մարմնի ձախ կողմը գոսացած, դեմքը կորցրած մարդկային արտահայտությունը, երեսն ուռած և աչքերը պլշած։ Սակայն այդ կես կմախքն իր երջանիկ անցյալից անխախտ պահպանել էր երկու բան — առողջ ստամոքս և մշտապես տրտնջող լեզու։ Կար տանն ուտելու բան, թե չկար, քաղցած էին երեխաները, թե կուշտ, միևնույն էր անդամալույծի համար։ Նա պիտի ունենար իր նախաճաշը, ճաշն ու ընթրիքը։ Ուրախ էր ընտանիքը, թե տխուր, տան մեջ առաջին տեղն էր բռնում օրից-օր մանկացող հիվանդի քիմքը։
Եվ այդ քմքի առաջին գերին էր նրա քսաներկու տարեկան դուստրը — Շուշանիկը։ Ամբողջ օրն օրիորդը գրեթե միայն նրանով էր զբաղված։ Թևից բռնած սենյակում զբոսեցնում էր, գիրք էր կարդում նրա համար, հետը թուղթ խաղում և ծառայում՝ որպես աղախին։ Նա դեռ սիրում էր այդ կես-կմախքը, և սիրում էր զգայուն սրտի բոլոր ուժով։
Շուշանիկը կերակրում էր անդամալույծին, երբ հորեղբայրը ներս մտավ։ Դա միջին հասակից քիչ բարձր, գունատ, բայց ոչ հիվանդոտ դեմքով մի աղջիկ էր, հագնված, հարկավ, շատ հասարակ և ուսերին գցած մի մոխրագույն ասվյա շալ, որ ծածկում էր նրա կանոնավոր իրանը։ Նրա պարզ գույնի մտախոհ աչքերից բուրում էին հրեշտակային հեզություն և անսահման համբերություն։ Մի ձեռին կերակրի ամանը, մյուս ձեռին գդալը — այդ վայրկյանին նա հիշեցնում էր գթության անձնվեր մի քրոջ, որ կարծես իր սրտի վիշտն ու ուրախությունը նվիրել էր ուրիշների անդորրությանը։ Բայց նա ավելի էր, քան մի գթության քույր. նա մի սիրող դուստր էր, որի սիրտը բաղկացած էր էոլյան նվագարանի լարերից։
Զարգարյանը հաղորդեց ուրախալի լուրը։ Երկու վաղաժամ