Շուշանիկն էր, որ անբաժան մոխրագույն շալն ուսերին գցած, մեկ-մեկ սրբում էր քաղաքից բերված իրերը և տանում ներս։ Նրա պայծառ ու խելացի աչքերը, մելամաղձիկ դեմքն ակամա գրավեցին Սմբատի ուշադրությունը։ Չկարողացավ զսպել հետաքրքրությունը և գրեթե ինքն ակնարկեց քաղաք ուղևորվելուց առաջ Զարգարյանների տանը թեյ խմելու մասին։
Աղքատիկ ընտանիքը հրճվեց միլիոնատեր երիտասարդի համեստությամբ։ Թեյը մատուցանում էր Շուշանիկը պատշգամբում։ Անդամալույծը ներսում էր, և Սմբատը լսում էր նրա անընդհատ մրմունջները։ Երեխաները խաղում էին զավթում։ Իսկ կանայք զբաղված էին իրեղենները դասավորելով։
Սմբատը, ակամա գրավված Շուշանիկի պայծաո աչքերով, գեղեցիկ հասակով, համակրելի դեմքով, դիտում էր նրան, խոսակցելով իր ստորադրյալի հետ գործերի մասին։ Թվում էր նրան, որ չքավորության տակ օրիորդի հոգին այնքան չի ճնշվել, որ կա նրա մեջ ինչ-որ հպարտություն։ Միևնույն ժամանակ զգում էր, որ նա մի պահապան հրեշտակ է ողորմելի անդամալույծի, ցնցոտիապատ երեխաների և ամբողջ ընտանիքի համար։ Եվ որքան շատ էր դիտում, այնքան ավելի էր ուրախանում մտքում, որ գեթ համեմատական թեթևություն էր տվել աղքատ ընտանիքին։ Այսուհետև, երևի, նա այնքան չքավոր վիճակ չի ունենալ, և այդ երիտասարդ ու սիրունադեմ աղջկա տնային աշխատանքը կթեթևանա։
Հրաժեշտ տալիս, նրա աչքերն ակամա հառվեցին օրիորդի աչքերին։ Զգաց, որ ձեռը ցնցվեց իր ափի մեջ։ Դա աղքատի շփոթությունը չէր հարուստ մարդու մերձավորությունից։ Դա կանացի ամոթխածության ցնցումն էր, մի նոր ծանոթացած տղամարդի արդեն չափից դուրս հետաքրքիր հայացքից...