Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/116

Այս էջը հաստատված է

IX


Այն օրը Սմբատը մի առանձին կարոտով էր հիշում զավակներին, կառքի մեջ նստած, դարձյալ դիմելով դեպի հանքերը։

Եղանակը սառն էր։ Փչում էր սուր կտրուկ հյուսիսային քամի։ Խոշոր ավազը, երկրից բարձրանալով, պտտում էր օդի մեջ և փոքրիկ գնդակների ուժգնությամբ զարկում նրա երեսին։

Կառքը դուրս եկավ քաղաքից։ Դեպի աջ պարզվել էին նավթային գործարանները,— ծխի, մրի և շոգու խառնուրդով մթագնած սև քաղաքը։ Ծովը սքողված էր մոխրագույն մառախուղով, որ փոթորկի նշան էր։ Դեպի ձախ ամայի ավազուտ դաշտեր և լերկ բարձրավանդակներ էին, տեղ-տեղ հերկված, մեծ մասամբ չոր, տխուր, մռայլ։ Բուսականության հետք չէր երևում։ Ամեն տեղ ավազ ու կիր, քարքարուտներ և չորացած աղային լճեր, որոնք հեռվից փայլփլում էին ձյունապատ դաշտերի պես։

Գարնանը կարճ միջոցով այստեղ երկիրը ծածկվում է ցանցառ խոտերով։ Արտերը ծաղկում են, ցորենն ու գարին բարձրանում են երկու թիզաչափ։ Շուտով արեգակի կիզիչ ճառագայթները խորշակահարում են ու դեղնացնում ամեն ինչ։ Աղքատիկ հունձն սկսվում է, և ամառվա կիսին արդեն երկիը նորից հագնում է անգույն ցնցոտիներ։ Բայց այդ ցնցոտիների տակ պարունակվում է անհուն գանձ։ Այստեղ բնությունը, կարծես, երկրի երեսից խլել է ամեն հարստություն, որպեսզի ծծի երկրի մեջ։

Մեռյալ բնությունն ավելի է սաստկացնում Սմբատի թախիծը։ Այսօր նա միանգամայն դժբախտ է համարում իրեն։ Միքայելի հետ կռվել է կոնտր-կտակի վերաբերմամբ և բացարձակ ասել, թե կարող է դիմել դատարան և թե ինքը պատրաստ է թշնամանալ նրա հետ, բայց կամավոր բաց թողնել հոր ժառանգությունը ձեռից — երբեք։ Սակայն այս չէր նրա գլխավոր վիշտը։ Նա դեռ մտքում համոզված էր, որ նոր կտակը կեղծ է, և վերջ ի վերջո Միքայելը պիտի ինքը հաշտվի նրա հետ, ենթարկվելով օրինական