Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/117

Այս էջը հաստատված է

իրավունքներին։ Կար տխրության ավելի խոր շարժառիթ։ Մինչև այժմ կարողանում էր հեռացնել իրենից ծանր մտքերը և, հաշտվելով իր վիճակի հետ, փակել աչքերն իրականության առջև։ Իսկ այժմ մի համառ ու անհաղթելի զորություն շարունակ դրդում է կրկնել մտքում․ «մի՞թե չկա ելք այս դրությունից»։

Մի՞թե ատելով կնոջը — պարտավոր է հավիտյան կապված մնալ նրա հետ։ Մի՞թե սիրելով զավակներին — պարտավոր է հավիտյան կրել հոր անեծքը, մոր դառը կշտամբանքների ծանրությունը։

Հայացքը ձգել էր դեպի հեռու տարածություն։ Այնտեղ, ընդարձակ բարձրավանդակի վրա երևում էր մի սև անտառ: Անտերև, անճյուղ ծառերի կախարդական մի անտառ, ուր սառնորակ աղբյուրների փոխարեն հոսում է թանձր ու սև մի հեղուկ, ուր թռչունների երգեհոնին փոխարինում են շվիկների սուլոցները, առավոտյան շամանդաղին — շոգին ու ծուխը։ Ուր գիշեր-ցերեկ գործում են հազարավոր մեքենաներ և բյուրավոր մարդկային ձեռներ։ Դա ստորերկրյա գանձարանն է — նավթային հորերի սև բուրգերի խտությունը, դաժանատեսք, ինչպես շրջակա ավազուտներն ու աղային լճերը, մթին, ինչպես երկրի բնակչության հոգին։

Մթին անտառը հետզհետե նոսրանում է, սև ծառերը հեռանում են իրարից։ Երևում են ցածր շինություններ, երկաթե գմբեթաձև շտեմարաններ, ապա էլեկտրական լապտերների և տելեֆոնի բարձր սյուները, բոլորը մրոտ ու նավթոտ, բոլորը սև։

Կառքն անցնում է մի մեծ նավթային լճի ափով և բարձրանում ստորեկրյա գանձարանի կտուրը։ Աջ ու ձախ գործում են հանքերը։ Այստեղ փորում են նոր հորեր, այնտեղ մաքրում են հները։ Բուրգերի գագաթներում պտտող անիվները ցույց են տալիս հորերի անդնդային գործունեությունը։ Մերթ ընդ մերթ այս ու այն կողմից լսվում են ինչ-որ խշշյուններ։ Դա հորերից դուրս բերվող հեղուկն է, որ թափվում է մոտակա չաների մեջ, խողովակներով հոսում ամբարները և հետո, ամենահաղթ շոգու ուժով, մղվում դեպի գործարանները։ Այնտեղ նա զտվում է, մաքրվում, ար