Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/12

Այս էջը հաստատված է

շարունակելու, անիծվի՛ նա, որ կորզեր իրենից իր որդուն․․․

Մահամերձը ցանկանում էր դուրս թափել սրտի մեջ կուտակված դառը մաղձը, ասել բոլորը, բոլորը ինչ որ զգացել էր ութ տարվա ընթացքում։ Ասել՝ արտասուքով ողողելով ճամփից շեղված որդու մոլի գլուխը։ Բայց ուժերը դավաճանում էին։ Բժշկի ջանքերն այլևս անզոր էին կենդանություն ներշնչել սառող մարմնին։ Սակայն մի երկարատև, խորը, շատ խորը հայացք, որ գալիս էր գերեզմանի խորքից, ամեն ինչ պարզեր մեղսագործ որդու համար, որ այժմ ոտքի ելած, ճգնում էր զսպել իր արցունքը, որպեսզի ցույց չտա իր հոգու տկարությունը։

— Մենա՞կ ես եկել,— կարողացավ միայն հարցնել մեռնողը։

— Մենակ,— պատասխանեց որդին հակիրճ, հասկանալով թե ինչ իմաստով է տրվում իրեն այդ պարզ հարցը:

Մռայլ ժպիտը ծերունու դեմքի վրա մի ակնթարթ տեղի տվեց հուսո շողին․ մի՞թե նրա տանջանքները լուրջ պատճառ չեն ունեցել, մի՞թե անիրավաբար է անիծել որդուն։ Բայց ահա ծերունու պղտոր հայացքն ընկավ որդու ոսկե մատանու վրա, որ նրա ամուսնության նշանն էր, և նրա անզոր գլուխն ընկավ բարձի վրա ու աչքերը փակվեցին։

— Անցածը վերադարձնել չի կարելի, հա՛յր․ օրհնի՛ր,— արտասանեց որդին մի տեսակ խուլ ձայնով, որի մեջ զգացվում էր դառը կսկիծ, և ոչ զղջում։

Ոչ ոք ներկա եղողներից չհասկացավ խոսքի բուն իմաստը և չըմբռնեց, թե ո՛րքան է մորմոքվում այդ պահին այդ առողջակազմ, ինքնավստահ դեմքով որդու վիշտը։

Հայրը ժողովեց վերջին ուժերը և արդեն սառչող շրթունքների միջից արձակեց.

— Անիծվի՛ս, եթե վերջին կամքս չես կատարի՜լ...

Այդ վայրկյանին նա սոսկալի էր, ինչպես ինքը մահը, սոսկալի մեղսագործ որդու համար։

— Տո՛ւր ինձ,— լսվեց դարձյալ ծերունու անդրգերեզմանային ձայնը և նրա սառցային հայացքը գամվեց կնոջ երեսին։