Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/121

Այս էջը հաստատված է

Թախտի վրա դարսված են կեղտոտ, կույտեր — մշակների անկողինները։

Սմբատը նոր է միայն ուսումնասիրում, թե այդ խեղճերն ինչ տաժանակիր աշխատանք են վարում, ինչ վտանգավոր գործ են կատարում և ուր հանգստանում, ուր գիշերում։ Նա զգում է խղճի անսովոր խայթոց։ Նրան թվում է, թե ինքն ապօրինի է տիրացել հարստության, թե բոլորը, բոլորը, ինչ որ հայրը դիզել է, պատկանում է այդ խեղճերին և միայն նրանց սև ու կոպիտ ձեռների աշխատանքին։ Նա դառնում է Զարգարյանին և ասում.

— Մենք պարտավոր ենք մշակների համար նոր բնակարան կառուցանել։

— Վատ չէր չինի, պարոն Սմբատ, վատ չէր չինի,— կրկնում է Զարգարյանը, կարծես ուրախանալով։

— Այսօր ևեթ դիմեցեք մի ճարտարապետի և հատակագիծը պատվիրեցեք։

— Չսպասե՞նք Սուլյանի առողջանալուն։

Սուլյանը հանքերի կառավարիչ-ինժեներն էր, որ այժմ հիվանդ էր և քաղաքում պառկած։

— Կարիք չկա սպասելու, դուք հատակագիծը պատրաստել տվեք։ Որքա՞ն է մեր մշակների թիվը։

— Բալախանի վաթսուն, Սաբունչի հիսունհինգ, Ռոմանի հարյուր իննսուն․․․ Ընդամենն առայժմ երեք հարյուր տասնուհինգ։

— Բոլոր հանքերում պիտի քանդել հին կացարանները և նորերը շինել տալ։ Այդ խոզաբներում մարդ ապրել չի կարող։ Գնանք թեյ խմելու, մանրամասն կխոսենք։

Սեղանի քով նա ինքը մատիտով մի թղթի վրա ընդհանուր գծերով նկարեց՝ ապագա կացարանների հատակագիծը, տալով Զարգարյանին կարևոր բացատրություններ։ Նա հետզհետե ոգևորվում էր և ավելի ու ավելի եռանդով արծարծում հանկարծակի հղացած միտքը։ Նա պահանջում էր ոչինչ չխնայել կացարաններն ընդարձակ, լուսավոր ու հարմար կառուցանելու համար։

Թեյը դարձյալ Շուշանիկն էր մատուցանում, և այս անգամ արդեն այն սենյակում, որ հարմարեցրած էր հյուրերի