Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/123

Այս էջը հաստատված է

դպրոց, ընթերցարան, մինչև անգամ թատրոն։ Դրանք մեր երկրում չտեսնված բաներ են։

— Շատ սովորական և շատ հասարակ բաներ խիղճ ունեցող մի գործարանատիրոջ կամ հանքատիրոջ համար։ Ամեն մի բուրժուա իր ֆանտազիան ունի, իմ ֆանտազիան էլ այս է պահանջում։ Չկարծեք, թե շատ էլ հոգում եմ մշակների մասին։

Նա այս խոսքերն արտասանեց անփույթ եղանակով և անկեղծ։

— Երանի ամեն գործարանատեր այդպիսի ֆանտազիա ունենա,— ասաց Զարգարյանը, ակամա հրապուրվելով նրա համեստությունից։

— Թողնենք այդ։ Ահա, վաղը ևեթ այս ծրագրով դուք կպատվիրեք հատակագիծը, հետո կտեսնենք։ Իսկ առայժմ,— դարձավ նա Շուշանիկին,— օրիորդ, ասացեք, ի՞նչ դեր հանձն կառնեք այս ձեռնարկության մեջ։

— Ե՞ս,— հարցրեց Շուշանիկը, որ չէր սպասում այսպիսի առաջարկության,— ի՞նչ կարող եմ անել։

— Օօ՜, շատ բան։ Դուք կարող եք հանձն առնել գրադարան և ընթերցարան բանալու գործը։ Եթե չեմ սխալվում, դուք գիմնազիայում եղել եք։

— Մինչև յոթերորդ դասատուն,— պատասխանեց եղբորորդու փոխարեն Զարգարյանը։— Բայց գիտե ավելի, քան մի ուսումնավարտ։ Տանն ազատ ժամերը դատարկ չի անցկացնում։

Օրիորդը խորին հանդիմանական հայացք ձգեց հորեղբոր վրա, զուր աշխատելով զսպել շփոթմունքը։

— Ուրեմն ավելի լավ,— ասաց Սմբատը,— կան գործեր, որ կանանց ավելի են սազում, օրինակ՝ մի կիրակնօրյա ուսումնարան բանալը հասակավոր անգրագետների համար։ Երբ նոր կացարանները կպատրաստվեն, կարծեմ, կարելի է մի այդպիսի դպրոց բանալ իսկույն։ Հանձն կառնե՞ք, օրիորդ։

Ի՞նչ է նշանակում այդ։ Ծաղրո՞ւմ է արդյոք նրան այդ հարուստ երիտասարդը, թե՞ փորձում։ Պայծառ աչքերը հանդարտիկ ցած իջան, գունատ այտերը թեթևակի