գրկեր տիկնոջ գլուխը, սեղմեր կրծքին բորբոքված կրքերի բոլոր թափով։
Անուշը գլուխը բարձրացրեց, ապարանջանը գտել էր․․․ Նա կամեցավ հագցնել իր բազկին. առաջացավ ինչ-որ դժվարություն։
— Թույլ տվեք,— ասաց Միքայելը, որ տակավին դողում էր հուզումից։
Անուշը ձեռը մեկնեց, մի քիչ էլ ամբողջ իրանով թեքվելով առաջ։ Արդեն այսքանը բավական էր Միքայելի համար, որպեսզի նրա սրտից չքանա կասկածի վերջին նշույլը։ Այժմ Անուշի այտերը գունատվել էին, աչքերը պսպղում էին, կուրծքն ուժգին բարձրանում էր ու իջնում։ Նրա աչքերից չէր հեռանում հարևան գեղեցկուհու ուրախ, համարձակ, երջանիկ կերպարանքը։
Միքայելը նրա փափուկ բազուկը սեղմել էր ձեռների մեջ ամուր։ Որպես թե ճիգն է անում ապարանջանի ծայրերն ագուցանել միմյանց։
Անուշը մերթ ընդ մերթ քաշում էր ձեռը, որպես թե կամենում էր բազուկն ազատել։
Միքայելի ձեռների տաքությունն այրում էր նրա կաշին։
— Ա՜խ, այս արեգակն էլ — ասաց նա, ծիծաղելով, մի քիչ տեղից բարձրացավ, թողնելով բազուկը Միքայելի ձեռների մեջ, և ծածկեց լուսամուտի փեղկը։
Արեգակի շողերի հետ չքացավ երիտասարդի ուղեղի վերջին լուսո շառավիղը։ Խոլ կիրքը կլանեց նրան ամբողջովին։ Վավաշամոլ արյունը բռնկվեց, խփելով գլխին, որպես ուժգին եռացող ջուրը փակ կաթսայի կափարչին։ Նրա ատամները բացվել էին, շրթունքներն անասնական հեշտանքից դողդողում էին, որպես վառարանի առջև պահած թուղթ։ Շունչը հուր էր արտադրում, իսկ աչքերը կորցրել էին մարդկային ամեն արտահայտություն։ Նա մարմնացած կիրք էր, այրող, անասնական կիրք․․․
Անուշը փորձեց նրա ձեռներից ազատվել, մի թույլ ճիչ արձակելով։ Երևի փորձը շատ չնչին էր, թե ոչ, տիկինը