Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/13

Այս էջը հաստատված է

Կինը նրա բարձի տակից դուրս բերեց մի մեծ ծրար, որ կնքված էր կարմիր զմուռսով։ Մեռնողն ապակյա աչքերով նշան արավ դեպի Սմբատը, և մայրը ծրարը տվեց որդուն։

— Անիծվի՛ս, եթե չես կատարիլ։

Այս եղավ Մարկոս Ալիմյանի վերջին խոսքը, որ սակայն դուրս թռավ նրա բերանից շատ պարզ և շատ որոշ։ Չքացող կյանքի վերջին զորավոր ցնցումն էր այդ, սպառված աղբյուրի վերջին կաթիլները, որ մի առանձին թափով են ընկնում ցամաքած ավազանի մեջ։ Ծերունու դեմքը թեթևակի աղավաղվեց մահու ցուրտ սյուքից։ Դառն, անհանգիստ ժպիտը, որ միայն մի քանի վայրկյան էր հեռացել, մնաց սառած բերանի անկյուններում։ Միլիոնների տերը և ընդհանուր նախանձի առարկան մեռավ, իր հետ տանելով մի ծանր վիշտ, որիտ ազատվելու համար պատրաստ էր իր հարստության կեսը զոհել։ Եվ այդ վիշտը նրա զավակներն էին։

Այրիացած Ոսկեհատն ազատություն տվեց հեկեկանքին, հարձակվելով ամուսնու սառչող դիակի վրա։ Նրան հետևեց աղջիկը — տիկին Մարթա Մարութխանյանը։ Սրաֆիոն Գասպարիչը, որ Ոսկեհատի եղբայրն էր, բռնեց նրանց թևերից, հետ քաշեց։ Հարկավոր է հանգուցյալին թողնել, որ հանգիստ փչե իր վերջին շունչը։

— Խե՜ղճ մարդ, տանջվեցիր որդիներիդ ձեռքում, տանջվեցիր,— կրկնում էր Ոսկեհատը։

Նույնը կրկնում էր և նրա աղջիկը:

Սրաֆիոն Գասպարիչը գրեթե ուժով նրանց տարավ մյուս սենյակը։ Այնտեղ նրանք կարող են ազատություն տալ իրենց լեզուներին ու արցունքներին։ Հետո նա բոլորին խնդրեց անցնել այնտեղ։ Սմբատը դուրս եկավ, թաշկինակն աչքերին սեղմած։ Նրա հետևից գնացին մյուսները։ Այնտեղ Ոսկեհատն հարձակվեց նորեկ որդու վրա և սկսեց համբուրել խանդավառությամբ։ Վիշտը նրա մեջ խառնվել էր ուրախության հետ։ Կորցնելով ամուսնուն, որի հետ քառասուն տարի ուրախացել էր ու տխրել, նա գտնում էր որդուն, որին ութ տարի էր կորած էր համարում։