Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/130

Այս էջը հաստատված է

ֆիզիկապես նրա չափ և գուցե ավելի ուժեղ էր։ Միքայելը քաշեց նրան իր կողմ, այս անգամ արդեն կոպտաբար։

— Ի՞նչ եք անում, գժվեցի՞ք,— գոչեց Անուշը և ազատվեց նրա ձեռներից։

Նրանք նայեցին միմյանց։ Միքայելն ամաչեց։ Բայց երկուսն էլ դողում էին եռացող կրքերի ուժգնությունից։ Անուշը շտապով լուսամուտի փեղկը բաց արավ, նայեց դեպի փողոց։

Քանի մի վայրկյան Միքայելն անշարժ կանգնած էր։ Նայում էր տիկնոջ ուսերին, պարանոցին, ցիրուցան եղած խիտ մազերին։ Հետո վերցրեց գտակն ու գնաց, արտասանելով․

— Մնաք բարով։

Սկզբում Անուշն ուրախ էր Միքայելի չերևալուն և մտքում պախարակում էր իրեն, որ թույլ տվեց երիտասարդին այնքան առաջ գնալու։ Անցան առաջին օրերը, և նա սկսեց անհանգստանալ։ Միգուցե Միքայելին վիրավորեցի։ Բայց ինչո՞վ, մի՞թե նրանով, որ չկամեցավ վերջապես մոռանալ ինքն իրեն և ընկնել օտար տղամարդի գիրկը։ Սակայն ի՞նչ կլիներ, եթե ընկներ իսկ։

Այստեղ Անուշը կանգ էր առնում և մտախոհության մեջ խորասուզվում։ Ամուսինն արդեն այնքան զզվելի էր թվում, որ տեսնել անգամ չէր ուզում նրա երեսը։ Երեխաները, դիրքը, հասարակական կարծիքը — ահա ինչն էր կաշկանդում նրան։ Ախ, ինչո՞ւ այնքան դժվար է մեղանչելը։ Այնինչ, կրքեըը քանի գնում այնքան սաստկանում են։ Նա սպասում է Միքայելին, սպասում է անհամբեր, սրտի բաբախումով։ Իսկ Միքայելը չի երևում։ Ամեն օր Անուշը որոշ ժամին նստում է սովորական տեղում և նայում դեպի փողոց ու դիմացի լուսամուտները։ Հարևան գեղեցկուհին թռչկոտում է ուրախ ու զվարթ, սենյակից-սենյակ և շարունակում դավաճանել ամուսնուն։ Իսկ Միքայելը դեռ չի գալիս։

Վերջապես, մի օր եկավ։ Ներս մտավ ոչ առաջվա պես զվարթ ու ժպտուն, այլ լուրջ ու տխուր դեմքով։ Նա զղջում է իր արածի մասին, եկել է ներում խնդրելու։ Եվ զղջալ ստիպում է այն սերը, որ տածում է դեպի համակրելի էակը։