Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/131

Այս էջը հաստատված է

Անուշի նախանձը գրգռվում է. ո՞վ է այդ համակրելի էակը, որին սիրում է Միքայելը։ Ի՞նչպես է հանդգնում սիրել մեկին և վատ միտումներով այցելել մյուսին։

— Ո՞վ է նա, ո՞վ է,— հարցնում է Անուշը հետաքրքրրված։

— Չեք ճանաչի, մի սիրուն գերմանուհի է,— պատասխանում է Միքայելը։

Անուշը նախանձից շրթունքները կրծոտում է։ Նա չգիտե, որ դա ուրիշ ոչինչ է, եթե ոչ խորամանկություն Միքայելի կողմից։ Հնարելով սիրուն գերմանուհուն, նա ուզում էր նախանձի միջոցով վերջնական հարվածը տալ տիկնոջ պարկեշտության վերջին մնացորդին։

Անուշն աշխատում էր լուրջ ձևանալ, զսպելով կրքերը, բայց իզուր։ Նա խոսում էր Ալիմյանի հետ կողմնակի բաների մասին, բայց միտքը զբաղված էր սիրուն գերմանուհով։ Որքան Միքայելն անտարբեր էր ձևանում, այնքան տիկինը տաքանում էր։ Նա սկսեց դարձյալ խոսել իր ընտանեկան դառն դրության մասին առանց այլևս զսպելու իրեն։ Մերթ հառաչում էր, գլուխը կրծքին թեքելով, մերթ ձեռով վճռական շարժումներ անելով, արտասանում էր. «Է՜հ, ինչ արած», կամ «աշխարհի երեսին անհոգս մարդ չկա» և այլն, և այլն։

Միքայելը դարձյալ անտարբեր էր։ Նա գտել էր տիկնոջ թույլ երակը։ Նա հրաժեշտ տվեց, ասելով, որ իրեն սպասող կա և դուրս գալիս մի հեգնական ժպիտ պարգևեց տիկնոջը։

Այդ օրը երեկոյան Անուշը, իր ննջարանում առանձնացած, խորհում էր ապագայի մասին։ Անտանելի էր այլևս կենակցությունը Պետրոսի հետ։ Երեխա էր, սխալվեց, խաբվեց։ Քի՞չ են խաբվում կանայք, նա էլ խաբվեց, մի՞թե մինչև մահ պիտի տուժի։ Պետրոսն է մեղավոր ոտից մինչև գլուխ և դեռ նա է միայն դավաճանում։ Ո՞ւր է արդարությունը։ Ո՛չ, Անուշը չի կարող այլևս կոպիտ, տգեղ, զզվելի մարդու հետ ապրել։ Նա կգնա թեմական առաջնորդի մոտ, կընկնի ոտները, կաղաչի, որ նրա համար Էջմիածնից ապահարզանի իրավունք բերել տա։ Եթե ձրի չի միջամտիլ,