Նա գիտեր իր դիրքը պահպանել բոլորի մոտ և ոչ մի առիթ ձեռքից բաց չէր թողնում՝ իր վարկն այսպես կամ այնպես բարձրացնելու համար։
Ահա այսպիսի առիթ համարեց նա թեմական առաջնորդի ներկայությունը և մի օր նրան հրավիրեց ճաշի իր գործարանը, որ գտնվում էր Սև քաղաքում։
Սև քաղաքը, արդարև, սև էր, որպես կախարդական մի աշխարհ, որ կրում էր իր վրա աստվածային անեծքի դրոշմը։ Գիշեր-ցերեկ ծխնելույզներից առատորեն դուրս սլացող մուրը ներկում և ապականում էր ամեն ինչ, որ կար այստեղ, սկսած շինանյութերից մինչև երկինքն ու թռչունները։ Մթնոլորտը մշտապես տոգորված էր թանձր ծխով, որի միջով արեգակի ճառագայթները հազիվ-հազ տարածում էին երկրի վրա մի տեսակ պղնձագույն լույս։ Փողոցները լի էին նավթային փոսերով ու ճահիճներով, որ շրջապատված էին ամեն տեսակ աղտեղություններով։ Այստեղ մրից սևացած խոզերը խորդալով ու միմյանց դնչահարելով, ուտելիք էին որոնում, իսկ չքավոր կանայք դույլերով նավթ հավաքում։ Գետնի երեսին և գետնի տակ տարածված էին անթիվ մետաղային խողովակներ։ Լսվում էր նրանց միջով հոսող նավթի ձայնը, որ հիշեցնում էր մերթ ծղրիդների երգը գիշերային խավարի մեջ, մերթ մուրճի ծանր հարվածները մի աներևույթ դարբնոցում։ Դա նավթային արդյունաբերության զարկերակներն էին — բյուրավոր մարդկային էակների դժոխային աշխատանքի և միայն մի քանի տասնյակ բանվորների հարստության չափ։
Մարութխանյանի գործարանը գտնվում էր Սև քաղաքի կենտրոնում։ Դա մի ընդարձակ շինություն էր, զանազան բաժանմունքներով։ Բակը շրջապատված էր մարդու հասակից քիչ բարձր քարե պարսպով և լի անթիվ պարագաներով։ Երևում էին երկաթի նավթային շտեմարաններ, լայն, բարձր, գմբեթաձև, այս ու այն կողմ ճյուղավորված խողովակներ գետնի վրա և օդի մեջ, ջրմուղներ, կոտրած կաթսաներ, ինչ-որ անիվներ, ծորակներ։ Մերթ ինդ մերթ շինություններից դուրս էին գալիս ինչ-որ մարդկային էակներ, կեղտոտ,