Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/141

Այս էջը հաստատված է

սեղանապետն առաջարկեց սրբազանի կենացը, Պապաշան կամեցավ «երկու խոսք» ասել և ոտքի կանգնեց։

— Սրբազան, ըըը, պարոններ, ըըը,— սկսեց նա,— մունք հայերս դե որ լա՛ ըըը մի եկեղեցի օնինք։

— Օնինք,— շշնջաց Գրիշան ընկերական շրջանում։

— Ես լա ընդրա հարազատ զավակը լինելով, ասում եմ, վըեր ըըը պարտավոր ենք պաշտել, ըըը, դրա համար էլ խմում եմ լա...

— Դարդուբալա՛,— շշնջաց դարձյալ Գրիշան։

— Ընդրա ըըը ըսպասավորին կենացը, ցանկանալով ըը, վըեր...

Պապաշան կանգ առավ, նայեց սեղանապետի բեղերին։ Այնտեղ խոսքեր չգտնելով, ցուցամատը սուզեց գինով լի բաժակի մեջ, ուր լողում էր մի ճանճ։

— Մի խոսքով,— շարունակեց, ճանճը մատի ծայրով գցելով հատակի վրա,— ինչ ըըը գլուխներդ ցավացնեմ ըըը լա մեր սրբազանին կենացը, խնդրում եմ, լոխ էլ երկենաք ոննի...

Բոլորը տեղերից բարձրացան, գոչելով․

— Կեցցե՜ սրբազանը, կեցցե՜ Առաքելյանը...

Սրբազանն առաջարկեց «տեղական համայնքի» կենացը։ Նույնպես ատենաբանեց։ Դրվատեց «համայնքին», գովեց նրա «ընտիր դասի» ազգասիրությունը, բարեսրտությունը, առատաձեռնությունը, առաքինությունը, անհուն խելքը։

— Զո՞ւյգ, թե՜ կենտ,— հարցնում էր Մոսիկոն Մելքոնին։

Հետո սրբազանը դարձավ նոր սերնդին, խոսեց երիտասարդության մասին, հայտնեց իր համոզմունքն էլեկտրական լույսի վերաբերմամբ, համեմատեց նրան տեղացիների խելքի հետ։ Ասաց, թե տեղական երիտասարդությունը բոլոր հայ երիտասարդությունից լուսամիտ է, աստվածավախ է և հզորամիտ։

Այդ միջոցին Գրիշան չարաչար հայհոյում էր օպերետային դերասանուհուն, որ դավաճանել էր նրան։ Մելքոնը գանգատվում էր, թե մի շաբաթ է իր կինը հիվանդ է, և