Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/147

Այս էջը հաստատված է

Եվ այդ օրից աշխատում էր երեխա ձևանալ Միքայելի մոտ. կռվում էր Անուշը կատակով, երեսը դարձնում էր պատին ու լալիս։

Սակայն մի օր նա դարձյալ խոսեց բաժանման մասին։ Այս անգամ հայտնեց, թե պատրաստ է նույնիսկ երեխաներից ձեռ վերցնել, միայն թե Միքայելն իրեն պատկանի և ինքը — Միքայելին։

Խնդիրը քանի գնում, այնքան լուրջ կերպարանք էր ստանում։ Հարկավոր էր մի որոշում կայացնել։ Միքայելը բացատրեց, թե ինչ ասել է զավակներ, թե Անուշը մի օր անգամ չի կարող առանց նրանց խաղաղ ապրել, թե հասարակությունը կքարկոծի նրան, թե պիտի հեռատես լինել, ապագան լավ կշռել և այլն, և այլն։ Իսկ մի օր ավելի հեռու գնաց. ակնարկեց, թե պատրաստ է Անուշի հետ հրապարակորեն կենակցել, միայն վախենում է, որ տիկինը շուտով նրան էլ մոռանա և ատե, ինչպես ատում է այժմյան ամուսնուն։ Աշխարհի երեսին հավիտենական սեր չկա, Միքայելն էլ շուտով կձանձրացնի Անուշին։

Այս արդեն մի կողմից ակնարկ էր, թե ինքը՝ Միքայելն էլ կարող է նրան մոռանալ, մյուս կողմից՝ վիրավորանքդ: Եվ Անուշի դեմքն աղավաղվեց չարությունից։ Ա՜ա, ինչպես երևում է, Միքայելը կշտացել է նրանից, ուզում է գլուխն ազատել։

— Ճշմարիտ ես ասում, լավ կինը իսկի չպիտի մոռանա իր երեխաներին, այն էլ քեզ պես մարդու համար։

Նա սկսեց ուժգին հեկեկալ, գլուխը դնելով թախտի վրա։

Միքայելը մոտեցավ, գրկեց, բայց չհամբուրեց։ Արդեն մետաքսանման բեղիկները նրան թվում էին սուր ասեղներ, որ ամեն անգամ ծակծկում էին նրա երեսն ու շրթունքները։ Մի ուրիշ անգամ նա, վերջապես, ձանձրանալով տիկնոջ թախանձանքից, խնդիրը դրեց պարզ։ Ի՞նչ է Անուշն ինքն իրեն այդքան տանջում։ Արժե՞ միթե, նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու։ Թող մտիկ անի չորս կողմը և տեսնի, ո՞ր հիմարն է այս տեսակ կոմեդիան դրամա դարձնում։

Միտքը շատ հասկանալի էր, ավելի բացատրելու կարիք