Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/158

Այս էջը հաստատված է

— Այդպե՞ս ես կատարում հորդ կամքը,— գոչեց այրին, արտասվելով։

— Մի՞թե հարյուր անգամ չեմ ասել, թե առանց երեխաներիս ապրել չեմ կարող։ Իսկ նա իմ երեխաների մայրն է։ Մայրիկ, հասկացի՛ր դրությունս, ես նրա հետ կապված եմ հավիտյան։ Պատրաստվի՛ր ընդունելու նրան գոնե առերես ուրախ...

— Ճարս ինչ, բերել ես տալիս, պիտի ընդունեմ։ Բայց, որդի, հորդ կամքը ոտնատակ ես անում, այդ լավ չի, լավ չի...

Եվ արտասուքը փոխվեց հեկեկանքի։

Սմբատը թողեց մորը, որ ինքն իրեն պատրաստվի վաղվա ընդունելության համար, դուրս եկավ նրա սենյակից, շտապով ճաշեց մենակ և ուղևորվեց հանքերը։

Այս անգամ նրան դիմավորեց կառավարիչ Սուլյանը, որ առողջացել էր և գործերն ստանձնել։ Դա մի երիտասարդ ինժեներ էր՝ քաղաքացիական հագուստով, նիհար և արագաշարժ, կարճլիկ մազերով, մուգ շագանակագույն միրուքով։ Երեք տարի էր ծառայում էր Ալիմյանների մոտ, կարողացել էր գրավել հանգուցյալ Մարկոս աղայի համակրությունը և այժմ աշխատում էր արժանանալ նրա ժառանգների ուշադրության։ Մեջքից թեքված, հաճոյական ժպիտը երեսին, առաջնորդեց նա Սմբատին գրասենյակ և զեկուցում արավ գործերի մասին։ Ամեն ինչ ընթանում էր կանոնավոր։ Նոր հորը հրաշքներ է անում։ Հարյուր քսան սաժեն քանդել են և դեռ ոչ մի խոչընդոտ քար չի պատահում, հողը ցույց է տալիս նավթի նշաններ, կարող է շուտով շատրվան բացվել։

Զարգարյանը ներկայացրեց վերջին ամսվա արտադրության հաշիվը։ Հաղորդեց տեղեկություն բանվորների համար նոր կառուցվող կացարանների մասին։ Սուլյանը չէր համակրում այս ձեռնարկության։ Նա ասաց, թե մշակները երախտամոռ են, չարժեն այդքան ծախսերի, չեն հասկանալ Ալիմյանների բարությունը։ Սմբատը պատասխանեց, թե ինքը բարություն չի անում, այլ իր պարտքն է կատարում։

Սուլյանը լեգուն կծեց։ Երրորդ անգամն էր նա փորձում