Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/161

Այս էջը հաստատված է

Օրիորդը դեռ կանգնած էր։ Շուրջը ոչինչ չէր նկատում։ Կարծես, նրա պայծառ աչքերը դեմուդեմ կուտված բարձր սև բուրգերի գագաթներից վեր որոնում են ինչ-որ բան երկնի վրա, դեպի արևմուտք։

Հանկարծ նա ցնցվեց, սթափվեց, ով գիտե ինչ երևակայությունից։ Նրա ականջին հասավ Սմբատի բարեհնչյուն ձայնը։ Նա երեսը դարձրեց այն կողմ և աչքերով հետևեց երիտասարդ տղամարդին, որ այժմ գնում էր դեպի հանքերը։ Հետևեց, մինչև որ նա անհայտացավ սև բուրգերի հետևում։ Եթե այդ պահին մեկը կանգնած լիներ օրիորդի մոտ, կլսեր կրծքի խորքից դուրս թռած երկարատև ծանր հառաչանքը, իսկ պայծառ աչքերի մեջ կնշմարեր խորին հոգեկան թախիծ...

Նույն երեկո նա անսովոր ուշադրությամբ լսում էր հորեղբոր պատմությունը՝ Սմբատի ամուսնության մասին։ Լսում էր այն բարոյական տանջանքները, որ կրել էր հանգուցյալ Մարկոս աղան իր որդու սխալ քայլի պատճառով։ Այժմ գալիս է Սմբատի կինը՝ երեխաների հետ։ Սմբատը տխուր է։ Ինչո՞ւ...

Ոչ ոք չնկատեց, ինչպես փոխվեց Շուջանիկի դեմքի գույնը, ինչպես նա նախ կարմրեց, ապա գունատվեց, ինչպես մի թույլ հառաչանք թռավ նրա կրծքից։ Այլևս կիսատ թողեց հորեղբոր խոսքը, անցավ մյուս սենյակ, մոտեցավ լուսամուտին, վերցրեց խաղի թղթերը և սկսեց հմայել: Նա չէր հավատում գուշակության, բայց, այնուամենայնիվ, տանը պատահած հիվանդության միջոցներին միշտ հմայում էր և միշտ տխրում, երբ թղթերը լավ չէին ցույց տալիս։

Այս անգամ ևս նա տխրեց ավելի սաստիկ, քան երբևէ։ Թղթերը դրեց մի կողմ, նստեց անկողնակալի վրա և աչքերը հառեց հատակին։

— Շուշանի՛կ,— լսեց մոր ձայնը,— հայրդ խորոված է ուզում։ Եվ այդ օրն առաջին անգամ նա դժկամությամբ անցավ խոհանոց։ Ճիշտ նույն պահին Սմբատը, առանձնացած իր սենյակում, խորին մտախոհության մեջ էր։ Միայն վաղվա հանդիպումը