Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/162

Այս էջը հաստատված է

չէր նրա մտորումների առարկան, այչև մի քանի ժամ առաջ տեսած պատկերը։ Երբեք նրա վրա ոչ մի հայ կին տպավորություն չէր գործել։ Այժմ նրա առջև ամեն վայրկյան պատկերանում էր մի աղքատ ընտանիքի զավակ, մի համեստ աննշան աղջիկ։ Հաճախ, հանքային գրասենյակում եղած ժամանակ, կից սենյակից լսում էր անդամալույծի անվերջ տրտունջները և երեխաների լացը։ Մանկական աղաղակների և հիվանդի տխուր մրմունջների մեջ լսվում էր օրիորդի մեղմիկ ձայնը, որ անդորր տպավորություն էր գործում նրա փոթորկված հոգու վրա։ Այդ ձայնի ազդեցությամբ նրա մեջ ծագում էին անսովոր մտքեր։ Մտքեր, որոնք դիամետրալ կերպով հակասում էին նրա նախկին գաղափարին՝ հայ կնոջ մասին։ Եվ նա ամաչում էր այդ գաղափարից, զգալով խղճի խայթոց...

Այս երեկո, մի քանի ժամ առաջ տեսած պատկերի տպավորությամբ, նրա ներքին աշխարհում կատարվում էր տարօրինակ հեղաշրջում։ Ձգում էր, որ իր մեջ խախտվում է մեկն այն ամուր համոզումներից, որ կազմվել էին պատանի հասակից։ Ունե՞ր նա իրավունք արհամարհել հայ կնոջը, հայ աղջկան և գնալ կյանքը կապել օտարի հետ։ Ահա վաղը գալիս է նա, որին գերադասեց բոլոր կանանցից։ Արդարացրե՞ց արդյոք, գեթ մազի չափ, այն հույսերը, որ դրել էր նրա վրա, տվե՞ց այն երջանկությունը, որ երևակայում էր գտնել, ծնողների նվիրական զգացումները ոտնատակ անելով: Չի՞ պատահում, արդյոք, այն իդեալին, որ մի ժամանակ վառում էր ու բորբոքում նրա երևակայությունը։ Եվ եթե գտել է, արդյոք, կրկնակի դժբախտ չէ ...

Առավոտյան արդեն տասը ժամն էր, երբ զարթնեց։ Մի կապարային ծանրություն նստել էր նրա սրտի վրա, ճնշում էր ու ճնշում անխնա։ Շտապով խմեց մի բաժակ թեյ։ Մի ժամից հետո պիտի գար փոստակիր շոգենավը, որ բերում էր նրա զավակներին ու կնոջը։ Մտավ մոր սենյակը։ Այրին տխուր, ձեռները կրծքին ծալած, նստած էր լուսամուտի մոտ։ Նայեց որդու երեսին, և սիրտը մորմոքվեց։ Զգաց, որ նրա հոգու մեջ տեղի ունի փոթորիկ, որ նա այնքան ուրախ չի, որքան հուզված։