Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/164

Այս էջը հաստատված է

Տախտակամածի վրա երևացին մի խումբ ճանապարհորդներ։ Սմբատն աչքերը հառել էր խմբի վրա և աշխատում էր որոշել նրանց, որոնց սպասում էր։ Նավի սուր դունչը, հսկայական թրի պես ճեղքում էր ջուրը, կռվելով կուտակվող ալիքների դեմ։ Սպիտակ շիթերը կատաղի ուժով բարձրանում էին վեր, մինչև տախտակամածը և նորից անզոր հետ թափվում։

Սմբատը նշմարեց մի երիտասարդ տղամարդ, որ բռնած էր երկու գրեթե հասակակից մանուկների ձեռներից։ Նա ճանաչեց իր զավակներին և նրանց քեռուն։ Մի սպիտակ թաշկինակ ծածանվեց օդի մեջ՝ մանկական գլուխներից վեր։ Սմբատը գդակը բարձրացրեց։

Հազիվ նավաստիները սանդուղքն ամրացրին նավի կոդին, Սմբատն ամենից առաջ բարձրացավ նավը։ Գրկեց զավակներին։ Մեկը յոթ, մյուսն ութ տարեկան էր։ Դրանք հարավային և հյուսիսային տիպերի գեղեցիկ խառնուրդ էին։ Նրանց մազերը պարզ — կինամոնագույն էին, աչքերը նախշուն, ունքերը սև, դեմքերի գույնը սպիտակ։ Ցրտից նրանց առողջ երեսները կարմրել էին։ Սմբատը համբուրում էր մերթ մեկին, մերթ մյուսին։

— Կշտացա՞ք— գոչեց երեխաների քեռին,— այժմ եկեք մենք համբուրվենք։

Եվ իր գիրկը լայն բանալով ձմեռային շինելի տակից, գրկեց և համբուրեց, մի քայլ հեռու կանգնած էր երեխաների մայրը։ Դա մի ոչ այնքան բարձրահասակ կին էր, շիկահեր, կապույտ աչքերով, մի քիչ ցցված այտերով և փոքրիկ քթով։ Տարիքն արդեն իրենց կնիքը բավական որոշ դրոշմել էին նրա բերանի անկյուններում և աչքերի տակ: Ծովային ցրտից ու հողմից կարմրած թշերը ներդաշնակում էին սպիտակ խոշոր ատամներին։ Այնինչ, Սմբատի համար նա վաղուց էր կորցրել իր հրապույրն իբրև կին, մնալով միայն մայր՝ զավակների։

Ամուսինները բավականացան միմյանց ձեռ տալով։

— Տանջվեցինք ճանապարհին,— եղավ կնոջ առաջին խոսքը։

— Փոթորի՞կ էր։