Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/165

Այս էջը հաստատված է

— Սաստիկ,— պատասխանեց կնոջ եղբայրը,— քիչ էր մնում նավն ընկղմվեր, և ի՞նչ անպիտան նավ է։

Ալեքսեյ Իվանովիչ Վինոգրադովը — այսպես էր երիտասարդի անունը — ոչինչ արտաքին նմանություն չուներ քրոջ հետ։ Սևահեր էր, գեր, դեմքի ավելի ուղիղ գծերով, խոշոր կինամոնագույն աչքերով, որոնք ստեպ-ստեպ ճպճպում էին պենսնեի տակից։ Ձայնը, խոսելու եղանակը և բոլոր ձևերն արտահայտում էին խորին ինքնահաճություն։ Մինչդեռ քրոջ դեմքի վրա կարդացվում էր ինչ-որ դառն դժկամություն կյանքից։

— Դուք մենա՞կ եք եկել մեզ դիմավորելու,— հարցրեց տիկինը։

— Մենակ,— պատասխանեց Սմբատը, միշտ նայելով երեխաներին։

Տիկնոջ դեմքով սահեց արհամարհական ժպիտ։

— Երևի ձերոնք արժանի չեն համարել...— արտասանեց նա, ուղղելով ուսերին գցած մուշտակը։

Սմբատը լուռ բռնեց երեխաների ձեռներից, ցած բերեց կայարան։

— Իսկ մեր իրե՞րը, իրե՞րը,— անհանգիստ հարցրեց տիկնոջ եղբայրը։

Սմբատը պատվիրեց շոգենավի գործակատարին կարգադրություն անել իրերի մասին։

— Այնտեղ ես ցիլինդր ունիմ, զգույշ ուղարկեցեք, որ չջարդվի,— պատվիրեց իր կողմից տիկնոջ եղբայրը։

Կառք նստելիս նա հարցրեց.

— Երևի ձեր սեփական կառքն է, չէ՞։

— Ո՛չ վարձովի է։

Եղբայրը նայեց քրոջ երեսին։ Պարզ էր, որ նա մտքում ասում էր. «դու չէի՞ր ասում, թե շատ հարուստ է»։

Այրի Ոսկեհատն իսկույն առաջ դուրս չեկավ։ Իսկ երբ երևաց հյուրասենյակում, Սմբատը նրա աչքերի մեջ նկատեց արտասուքի թարմ հետքեր։ Այրին ղրկեց որդու զավակներին, սեղմեց կրձքին։ Բայց զգալի էր, որ այդ գրկումը բռնազբոսիկ է։ Հարսին նա միայն ձեռ տվեց, առանց մի բառ ասելու։ Կրկին նայելով թոռներին, գրավվեց նրանց