Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/167

Այս էջը հաստատված է

միայն հրաժեշտ տվել։ Պետրոսը չվհատվեց. չար կասկածն ասում էր, թե անպատճառ մի բան կա։

Այն օրը նա երկրորդ անգամն էր փորձում ժամանակից վաղ տուն գալ։ Անսպասելի դեպքը նրա համար պարզեց ամեն ինչ։ Դռների մոտ նա հանդիպեց աղախնին։ Միամիտ կինը, որի խիղճն արդեն մաքուր չէր տիրոջ վերաբերմամբ, այնքան շփոթվել էր, որ չիմացավ նամակն ինչպես թաքցնի շալի տակ։ Պետրոսն անփույթ ձևով ծրարն առավ նրանից, առանց երկար տատանվելու բաց արավ և կարդաց Անուշի կրքոտ տողերը, որ զուրկ էին ամեն խոհեմությունից։ Կասկածը փոխվեց համոզմունքի, և խաբված այրը վազեց ներս կնոջից այնպիսի խիստ միջոցով հաշիվ պահանջելու։

Արտահայտելով սրտի առաջին թույնը կոպիտ բռունցքի միջոցով, առանձնացավ և սկսեց լրջորեն մտածել անելիքի մասին։ Պարզ է, որ մի կին, ամուսնուն դավաճանելով, արդեն ինքնըստինքյան որոշում էր իր դատավճիռը։ Նա կամ պիտի արտաքսվի մարդու տնից կամ շանսատակ լինի։ Այսպես են անում նամուս ունեցող այրերը։ Պետրոսն ուրիշ ելք չգիտե և չի ուզում ճանաչել։ Կան մարդիկ, իհարկե, որոնք խեղճությամբ հաշտվում են իրենց խայտառակ դրության հետ — Պետրոսն այդպիսիներին միշտ արհամարհել է։ Ոչ ոք իրավունք չուներ նրա պատիվն արատավորելու և ոչ նույնիսկ միլիոնների ժառանգ մի երիտասարդ։ Ա՜ա, լակոտ, կարծում ես, որ հարստություն ունես, ամեն բան քեզ կներվի՞։ Ով գիտե, քանի-քանի ընկերների մոտ ես պարծեցել, ով գիտե, այժմ որքան են ծաղրում Պետրոս Ղուլամյանին։ Սպասի՜ր, քեզ անպատիժ թողնելը հանցանք է...

Իսկ առայժմ պետք է տանջել Անուշին, տանջել և հետո վռնդել։ Միևնույն ժամանակ պետք է աշխարհին ապացուցանել, որ Անուշը դավաճանեց նրան, ապա թե ոչ, եթե կնոջը հեռացնի, հիմարները նրան կմեղադրեն, կասեն Անուշն ինքն է փախել մարդուց։

Մի օր Պետրոսը կանչեց իր մոտ Գրիշային և կնոջ ներկայությամբ բոլորը պատմեց նրան։ Տաքարյուն երիտասարդը, հարկավ, բորբոքվեց, կատաղեց փեսայի դեմ, անվանեց նրան անամոթ զրպարտող։ Պետրոսը նամակը տվեց