Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/173

Այս էջը հաստատված է

— Այն, որ տան մեջ կրթություն ասած բառը բացակայում է։

— Մի՞թե,— գոչեց Սմբատը հեգնությամբ։

— Այո՛։ Նայեցեք ձեր փոքր եղբորը, Արշակին... ես չեմ ուզում, որ իմ երեխաներն էլ նրա պես կրթվեն։

— Ես չեմ պաշտպանիլ իմ եղբոր կրթությունը, բայց իմ մայրը չի կարող վատ ազդեցություն ունենալ մեր երեխաների վրա:

— Ով գիտե...

— Անտոնինա Իվանովնա՛, իմ մայրը, ճշմարիտ է, տգետ կին է, բայց բարի է, պարկեշտ, առաքինի և խելոք... Նա ձեր սկեսուրն է, և դուք պարտավոր եք նրան հարգել:

— Այո՛, պարտավոր եմ հարգել։ Իսկ նա... նա պարտավոր է ինձ ատել, արհամարհել... այնպես չէ՞...

— Նա նահապետական կին է։

— Դա նահապետականություն չի, այլ բնածին ատելություն։ Բայց շատ բնական, շատ հասկանալի... Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման... նա ինձ ատում է, ես չեմ կարող նրան սիրել և հարգել...

Նա հենց ձեռքի տակ դրած նամակի մեջ գրեթե նույնն էր արտահայտում։ Հայտնում էր բարեկամուհուն բացարձակ, թե սաստիկ զղջում է Կովկաս գալու համար։ Ոչ մի բան նոր շրջանում չի համապատասխանում նրա հայացքներին։ Հարստությունը նրան չի շլացնում և չի կարող շլացնել։ Երբ ամուսինների մեջ համերաշխությունը չքացել է— ոսկին անզոր է նրանց բախտավորացնելու համար։ Նա չի սիրում Ալիմովին և չի սիրվում նրանից։ Նա միայն կատարում է իր պարտքը երեխաների վերաբերմամբ։ Կմնա Կովկասում միառժամանակ, մինչև որ կհաջողի որևէ պայման կապել մարդու հետ։

Սմբատը ոչինչ չասաց այլևս, լուռ անցավ իր սենյակը։

Այդ գիշեր նա անցկացրեց անքուն գրեթե մինչև լույս։ ՍիրԵլ զավակներին, չսիրել նրանց մորը — ահա այն սոսկալի դիլեման, որ տանջում էր հոգին տարիների ընթացքում։ Ծառի բնից բաժանված, ամուր գրկել էր նորածիլ