Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/176

Այս էջը հաստատված է

որին ընդունակ են։ Սակայն անդամալույծը կատաղեց, դեն ձգեց ծնկներից վերմակը և դարձավ կնոջը.

— Աննա՛, գնանք, գնանք եկեղեցու դռանը կանգնենք, ես ողորմություն կհավաքեմ ու քեզ կազատեմ այդ անամոթ ձեռքից։

Անամոթը Դավիթ Զարգարյանն էր, որ կորացած մեջքով կանգնած նրա անկողնի առջև, տակավին լուռ նայում էր Շուշանիկին։ Նա նոր էր միայն իմանում, թե որպիսի անգին գոհար է թաքնված աղքատիկ ընտանիքում։

Շուշանիկը ոգևորված բացատրում էր աշխատանքի նշանակությունը, թե կնոջ և թե տղամարդի համար և այն երջանկությունը, որ մարդ կարող է զգալ, երբ սեփական ուժերով է վաստակում օրվա պարենը, երբ մանավանդ օգտակար է մերձավորներին։

Դավիթը հիացած լսում էր նրան։ Ահա որքան ազդեցություն է ունեցել այդ աղջկա վրա։ Չէ՞ որ Շուշանիկր վեց տարի շարունակ նրա անմիջական աշակերտուհին է եղել։ Նա է կրթել իր եղբոր աղջկա միտքը և կրթել է այն ուղղությամբ, որ բարվոք է համարել կյանքի դառն պայմանների մեջ ապրող մի աղքատ աղջկա համար։ Նա տվել է նրան կարդալու միշտ այնպիսի գրքեր, ուր աշխատանքը դրվատվում է իբրև հոգեկան երջանկության իսկական հիմք։ Գրքեր, որոնք խրախույս են ներշնչում աղքատներին և սովորեցնում նրանց սիրել կյանքը, որ նրանց համար խորթ մայր է։ Եվ ահա Շուշանիկն այսօր ոչ միայն չի տրտնջում իր վիճակի դեմ, այլև ինքն է քարոզում սեր դեպի աշխատանքը։ Սակայն համաձայնե՞լ արդյոք նրա ասածներին, թույլ տա՞լ նրան տնից դուրս ևս գործերով պարապելու։ Ո՛չ, այդ կլիներ անխղճություն, մի՞թե քիչ է աշխատում տանը։

Նա նույնպես հակառակեց և դրականապես հայտնեց, թե առայժմ Զարգարյանները կարիք չունեն, որ նրանց տնից մի կին աշխատանքի դուրս գա, և ինքը երբեք այդ թույլ չի տալ, քանի կենդանի է։ Եվ այս ասելով, նա սուր հայացք ձգեց եղբոր աղջկա երեսին։ Շուշանիկը շփոթվեց այդ հայացքից։ Նրան թվաց, որ հորեղբայրը հասկացել է իր միտքը։ Այն միտքը, որից ամաչում էր ինքն իսկ։