Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/177

Այս էջը հաստատված է

Նա շտապեց դուրս գալ հոր սենյակից, ծանր հառաչելվ։ Անցավ իր սենյակը, վերցրեց մի գիրք, փորձեց խորասուզվել ընթերցանության մեջ, ինչպես սովորաբար անում էր դառն րոպեներին։ Բայց չկարողացավ։ Երբեք նրա սիրտն այդչափ չէր բաբախել, երբեք նրա երեկոն այդչափ վրդովված չէր և զգացումները՝ այդքան պղտորված։ Մի կերպ շտապով վերջացնելով սովորական գործերը, նա նորից առանձնացավ իր սենյակը և դռները կողպեց ներսից։ Ժամերն անցնում էին, և նա դեռ հետ ու առաջ էր գնում, մերթ ականջ դնելով շոգեմեքենաների աղմուկին, մերթ լուսամուտից նայելով դեպի դուրս, ուր տիրում էր խորին մթությունը:

Լսվեցին շվիկների սուլոցները. տասներկու ժամն էր արդեն. երեք անգամ լամպարը հանգցրեց, գլուխը թաքցրեց վերմակի տակ և երեք անգամ էլ վառեց ու գիրքը վերցրեց։ Բայց աչքերը հոգնել էին, իսկ միտքը ոչինչ չէր ըմբռնում կարդացածից։

Աշխատում էր իրենից հեռացնել ամբոխվող մտքերը։ Սակայն կամքն անզորացել էր։ Ամաչում էր ինքն իր զգացումների անսպասելի գրգռումից և չգիտեր, միևնույն ժամանակ, որոշ քննության ենթարկել նրանց։ Նա փակում էր աչքերը և խորին մթության մեջ տեսնում մի լուսավոր պատկեր։ Նա բաց էր անում աչքերը, և այդ պատկերը դարձյալ անխուսափելի կանգնած էր նրա առջև։ Դեմքը մռայլ, ունքերը կիտված, աչքերը թափանցող, միշտ մտախոհ, միշտ ճնշված ինչ-որ ծանր մտքից։

Նա մոխրագույն շալը ձգեց ուսերից, զգում էր անսովոր տաքություն։ Մոտեցավ սեղանին, նայեց փոքրիկ սևագույն ժամացույցին, որ նոր էր ստացել իբրև նվեր հորեղբորից։ Արդեն երկու ժամն էր։ Նորեն սկսեց անցուդարձ անել։ Խիտ մազերը, ազատվելով հերկալների արգելքից, թափվել էին թիկունքների վրա, ծածկել ականջները, սքողել այտերը, ընդգրկել կիսամերկ կուրծքը։ Այտերը շառագունել էին, աչքերի մեջ վառվել էր անսովոր հուր։ Մշտական հեզ կերպարանքն այժմ արտահայտում էր ինչ-որ խրոխտություն։ Եթե մերձավորներն այդ պահին դիտեին նրան դռների հետևից