Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/178

Այս էջը հաստատված է

գաղտնի, հազիվ թե ճանաչեին։ Չկար այլևս նրա աչքերի մեջ նախկին պայծառությունը և ոչ նրա շրթունքների վրա անդորրության ժպիտը։ Ա՜խ, միայն թե Սմբատ Ալիմյանը նրան հիմար չհամարի և չծաղրի ինչպես մի դեռահաս աղջկա, որ պատրաստ է առաջին պատահած տղամարդի մեջ տեսնել ռոմանտիկական հերոս։ Ո՛չ, Շուշանիկը չի ուզում այդ մարդու աչքում երևալ թեթևամիտ։ Սմբատը խելոք է, կրթված, հասուն մտքի տեր, կյանքի փորձանքները ճաշակած։ Այդպիսի մի տղամարդ չի կարող լուրջ հայացք ունենալ յուրաքանչյուր աղջկա մասին։ Նրա պահանջները խիստ են, և հենց այս է պատճառը, որ նա իր ընտրությունն արել է օտար շրջանում։

Նրա հորեղբայրն ասում է, թե Ալիմյանը բախտավոր չէ ամուսնական կյանքում, թե նրա մշտական տխրության պատճառն այս է։ Ինչո՞ւ, տեր աստված, ինչո՞ւ։ Մի՞թե ընտրությունը սխալ է եղել, և Ալիմյանը այժմ զղջում է։ Սայց ի՞նչ հարց, ո՞վ տվեց Շուշանիկին իրավունք զբաղվելու մի օտար մարդու ընտանեկան կյանքով։ Բավական է, պետք է մոռանալ այդ մարդուն։

Եվ նա հոգնած գլուխը նորեն դրեց բարձին։

Արդեն առավոտյան լույսը լուսամուտի փեղկերի արանքով ներս էր թափանցել, երբ, վերջապես, նիրհեց։

— Աննա՛, ո՞ւր է աղջիկդ,— հարցրեց երրորդ անգամ անդամալույծը կնոջը։

— Դեռ քնած է։

— Քնած է, քնա՞ծ, տասը ժամն է. գնա, զարթեցրու, տխուր եմ, թող գա թուղթ խաղանք։ Եղունգներս էլ կտրել հարկավոր է, շատ են երկարացել։

Այժմ Շուշանիկի գործերի մի մասը կատարում էր նոր վարձված աղախինը։ Սակայն անդամալույծն այնքան սովորել էր աղջկան, որ դարձյալ պահանջում էր, որ մեծ մասամբ նա ծառայի իրեն։

Աննան մոտեցավ աղջկա սենյակին, մատներով զարկեց դռներին մի քանի անգամ։ Դռները բացվեցին։ Շուշանիկն արդեն զարթնել էր և հագնվել։ Այժմ նրա այտերը գունատ էին, աչքերի կոպերը նկատելու չափ ուռած։