Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/179

Այս էջը հաստատված է

— Հիվա՞նդ ես,— հարցրեց մայրը։

— Ո՛չ։

Նա շտապեց դուրս գնալ։ Երեսը լվացավ, մազերը կարգի բերեց, խմեց սովորական մի բաժակ թեյը և գնաց հորը ծառայելու։

— Աղախին վարձելուց հետո, իշխանուհի ես դարձել, կշտամբեց անդամալույծը։— Ես այստեղ տանջվում եմ, դու մրափում ես մինչև կեսօր։ Բե՛ր թղթերը, խաղանք։

Նա լուռ կատարեց հոր հրամանը։ Խաղում էր այժմ անուշադիր, մտամոլոր, մի հանգամանք, որ բարկացրեց հորը։

— Խելքդ գլխիդ խաղ արա,— գոչեց անդամալույծը, առողջ ձեռով թղթերը մեկ-մեկ բանալով։

Ներս մտավ Դավիթը և ասաց Շուշանիկին, թե մի թուրքի հանքերում շատրվան է բացվել, եթե կամենում է, կտանի հետը ցույց տալու։

— Թույլ կտա՞ս, պապա,— հարցրեց Շուշանիկը։

— Այնքան հիմար ես խաղում, որ կարող ես գնալ կորչել,— գոչեց անդամալույծը, թղթերը շպրտելով մի կողմ։

Քամին հյուսիսային էր, եղանակը՝ ցուրտ։ Շուշանիկը հագավ ձմեռային վերարկուն և սամույրի կոլորակ գլխարկը։ Երկուսն էլ հորեղբոր նվերներն էին։ Այժմ Զարգարյանն աշխատում էր կարողության չափ, որ իր եղբոր դուստրը լավ հագնվի։ Նա հիացավ, տեսնելով Շուշանիկին նոր հագուստում։ Վերարկուն խիստ սազ էր գալիս օրիորդին, իսկ սամույրի գլխարկի գույնը գեղեցիկ ներդաշնակություն էր կազմում թանձր ու գանգուր մազերի վրա։ Ցուրտը շուտով նրա այտերին ավեց անբնական կարմրություն, պայծառ աչքերը դարձյալ պայծառացան, ճակատի թեթև կնճիռները բացվեցին։

Շատրվանը գտնվում էր բավական հեոու։ Նրանք անցան մի մեծ տարածություն, մտան մի լայն ճանապարհ և հետո մի մեծ շավիղ, անցնելով մի շարք բուրգեր, Զարգարյանը հանկարծ կանգ առավ և ցույց տվեց դեմուդեմ բուրգերի հետևում, երկնի մոխրագույն հորիզոնի վրա նկարված մուգ կինամոնագույն մի կիսակամար, ասելով.