Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/180

Այս էջը հաստատված է

— Տե՛ս, ինչ բարձր է խփում։

Շուտով Շուշանիկի աչքերի առջև բացվեց հազվադեպ և սքանչելի տեսարան։ Սև նավթը, գազի ուժգին զորությամբ, դուրս մղվելով երկրի խորքից, սլանում էր վեր ինչպես հրաբխային կրակ։ Հասնելով իր վերջնակետին, կազմում էր կիսաշրջան և թափվում ներքև։ Քամին տարածում էր հեղուկն օդի մեջ և մանրացնելով, սփռում չորս կողմ անձրևի պես։ Հուրդի գագաթն ու կողերը խորտակվել էին շատրվանի ամեհի զորությունից, և նրա մթին ուրվագիծն էր միայն շողում սև հեղուկի մեջ, որպես կմախք դարձած վիթխարի կաղնի երկնային հեղեղի տակ։

Երբեմն հորի խորքից դուրս էին արձակվում մարդու գլխի չափ քարեր։ Կատաղի պտույտներ գործելով, նրանք հեղուկի հետ սլանում էին վեր՝ թնդանոթի ռումբերի պես և ընկնում բուրգի վրա կամ շրջակա սև լճակների մեջ։ Գազը մռնչում էր, և երկիրը թնդում էր նրա զորությունից։ Մերթ ընդ մերթ շատրվանը, կարծես, հոգնում էր, ցածանում, խուլ հնչյուններ արձակում։ Բայց անցնում էր մի քանի վայրկյան, և նորեն լսվում էր ստորերկրյա խլացուցիչ ժխորը։ Այն ժամանակ սև հեղուկի հսկայական սյունն առանձին ուժով էր ձգվում դեպի վեր։

Մշակների մի մեծ խումբ թիերով ու բահերով զինված, մրջյունների պես շրջապատել էր բուրգի անօգնական մնացած կմախքը և աշխատում էր թանկագին հեղուկի համար ժամանակավոր ճանապարհ բանալ։ Մի քանի մղիչ մեքենաներ էին դրված, որոնք նավթն ուղղում էին դեպի Սև քաղաք տանող նավթանցքերը։ Արհեստավորները պատրաստում էին ինքնուրույն պատսպար, որով պիտի շատրվանին կանոնավոր ընթացք տային, որպեսզի հեղուկն ապարդյուն չցրվեր։

Երբեմն մշակները, ծիծաղելով, գոռալով, ոստոստալով ցրվում էին այս ու այն կողմ, փախչելով վայր սլացող քարերից։ Նրանք կիսամերկ էին, ոտները մինչև ծնկները և թևերը բաց։ Շատերը սլկվում էին լպրծուն ավազի վրա, ընկնում նավթի մեջ, շարժելով ընկերակիցների ծիծաղը։