Բայց բոլորն էլ ուրախ էին, հուսալով ստանալ պարգև շատրվանի տիրոջից։
Իսկ բախտավոր թուրքը կանգնած էր հեռու, քաղաքից եկած հետաքրքիրների բազմության մեջ։ Դա միրուքը հինայած, գլուխը մաքուր սափրած մի աստվածավախ հաջի էր, որը նայում էր անհուն հարստությանը և փառք տալիս ալլահին, որ, վերջապես, լսել էր նրա ջերմ աղոթքները։ Դեռ երեկ պարտատերերն ուզում էին նրան դատարան քաշել, ինչպես սնանկ կոմերսանտի։ Այժմ մտքում հաշվում էր շատրվանից ստացվելիք միլիոնները։ Նրա ցամաքած և խորշոմներով ծածկված դեմքի վրա խաղում էր անհուն երջանկության ժպիտը։ Բոլորը շրջապատել էին նրան, շնորհավորում էին, ձեռը բարեկամաբար սեղմում, նորոգում մոռացված ծանոթությունը։
Ինժեներ Uուլյանը պտտում էր թուրքի շուրջը՝ ինչպես որսկան շուն։ Հույս ուներ մի քիչ նավթ առնել ապառիկ, վաղը-մյուս օրը թանկ գնով ծախելու նպատակով։
Շուշանիկից ոչ հեռու խմբված էին մի քանի երիտասարդ հանքատերեր, որ եկել էին քաղաքից բախտավոր թուրքին նախանձելու։ Զարգարյանը նկատեց, որ նրանք միմյանց արմունկով բոթում են և հետաքրքրված ցույց տալիս Շուշանիկին։ Բոլորն ուզում էին իմանալ գեղադեմ օրիորդի ով լինելը։ Մեկը նույնիսկ շատրվանի տիրոջ ուշադրությունը դարձրեց նրա վրա։ Բախտից հարբած թուրքը բարևեց անծանոթ օրիորդին, ձեռը դնելով նախ կրծքին, ապա աչքերին։ Այնքան շփոթված էր, որ կարծում էր, թե այդ աղջիկն էլ իրեն շնորհավորում է։ Հանկարծ խմբի ուշադրությունը դարձավ ուրիշ կողմ։ Ճանապարհ տվեցին մի շիկահեր կնոջ, որին ուղեկցում էին Միքայել Ալիմյանը և մի մուշտակավոր պարոն։
— Սմբատի կինն է,— ասաց Դավիթ Զարգարյանը Շուշանիկին։— Նա էլ, երևի, տիկնոջ եղբայրն է։
Օրիորդը հետաքրքրված նայեց Անտոնինա Իվանովնային։ Հիասթափման պես մի բան զգաց, երբ տեսավ, որ տիկինն այնքան էլ էլեգանտ չի տեսքով, որքան երևակայում էր