Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/186

Այս էջը հաստատված է

— Ինչ կարող եմ ասել, նոր ծանոթացա։ Ո՛չ, սխալվում է կառապանը, մենք շեղվեցինք ճանապարհից։

Միքայելը դարձյալ ձեռնափայտով խփեց կառապանի թևին և դարձյալ ինչ-որ ասաց։

— Ինչո՞ւ ռսերեն չեք խոսում,— հարցրեց Շուշանիկը։

— Հասանը ռսերեն չգիտե․․․ Օրիորդ, ընկերներս ձեզ տեսան և հիացան։

Շուշանիկը կարմրեց, ոչինչ չասաց։

Հանկարծ կառքը կանգ առավ։ Կառապանը ցած իջավ։

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց Շուշանիկը։

— Անձրև է սկսվում, հրամայեցի ծածկոցը բարձրացնել։

— Օ՜օ, ո՛չ, ո՛չ, անձրև չկա, ես անձրևից չեմ վախենում, ես սիրում եմ անձրևը...

— Շատ լավ, կիսով չափ կծածկի, Հասանը գիտե․․․

Կառապանը ծածկոցը բարձրացրեց մինչև կեսը և նորից նստեց իր տեղը։

— Օրիորդ, դուք քաղաք երբեք չե՞ք գալիս։

— Մի երկու անգամ գնացել եմ։

— Ինչո՞ւ այդպես քիչ։

— Զբաղված եմ։

— Գիտեմ, լսել եմ, ձեր հիվանդ հորն եք նայում։ Խե՜ղճ մարդ։ Ասում են մի ժամանակ շատ հարուստ և առողջ է եղել։ Անկեղծ ցավում եմ...

Այս խոսքերը շարժեցին Շուշանիկի սիրտը։ Ո՛չ, երևի սխալված է, երևի այդ, ըստ երևույթին, եսական երիտասարդը եղբոր պես բարեսիրտ է և զգայուն։

— Այս հանքերում ապրելով մարդ կարող է վայրենանալ, օրիորդ, դուք զուր եք հասարակությունից փախչում։ Քաղաքում ազգականներ կամ բարեկամներ չունե՞ք։

— Ո՛չ։ Տիրեց րոպեական լռություն։ Կառապանը հետ նայեց․ հարցնում էր, որ կողմը քշել։

— Թատրոն սիրո՞ւմ եք,— հարցրեց Միքայելը, կառապանի վրա մի բարկացկոտ հայացք ձգելուց հետո։

— Սիրում եմ միայն դրամա։