Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/187

Այս էջը հաստատված է

— Դրամա՞, — կրկնեց Միքայելը, կարծես, ուրախանալով,— այժմ քաղաքում մի դրամատիկական խումբ կա։ Այսօր մի լավ դերասանուհու բենեֆիսն է, ինչ-որ նոր դրամա են խաղալու, հա՛, Նորա, Նորա...

— Նո՛րան կարդացել եմ, կկամենայի տեսնել...

— Շատ գեղեցիկ... Թույլ տվեք ձեզ հրավիրել թատրոն․․․

— Շնորհակալ եմ... Հորս մենակ թողնել չեմ կարող...

— Ի՞նչ կլինի, որ մի երեկո թողնեք։

— Ո՛չ, չեմ կարող, չեմ կարող...

— Օրիորդ, դուք այդքան երիտասարդ, գեղեցիկ և տանը փակված, աններելի է ձեր ծնողներին...

Շուշանիկը զգաց, որ երիտասարդն արդեն սկսում է համարձակ դառնալ, ուստի բարվոք համարեց լռել։

— Թատրոնից անմիջապես ձեզ կուղարկեմ տուն,— ասաց Միքայելը,— այնպես որ ձեր հայրն ընդամենը երեք-չորս ժամ կմնա առանց ձեզ։

— Ո՛չ, ո՛չ, այդ անկարելի է։ Ես առանց իմ հորեղբոր ոչ մի տեղ չեմ գնում։

— Կարծես, նրան տանելը դժվար է, օթյակ կվերցնեմ...

— Սպասեցե՛ք, այդ ի՞նչ է, մենք, կարծես, գյուղից դուրս եկանք։ Մենք ո՞ւր ենք գնում, պարոն Ալիմյան։

— Զբոսնում ենք...

— Զբոսնում ենք,— կրկնեց Շուշանիկը շրթունքները կրծոտելով,— իսկ հա՞յրս... ներողություն, պարոն Ալիմյան, հորս ճաշ տալու ժամանակն է, ես իրավունք չունեմ զբոսնելու...

— Օրիորդ, կարծես դուք ինձ հրեշ եք համարում։

— Ինչո՞ւ, ո՞վ ասաց, հրեշ չեք, բայց․․․

— Բայց և մարդ էլ չեմ, ուզում եք ասել, երևի...— լրացրեց Միքայելը, ծիծաղելով։

— Ես այդ չէի ուզում ասել․․․

— Ուրեմն ինչո՞ւ եք ինձանից վախենում։ Շուշանիկի ինքնասիրությունը վիրավորվեց։

— Ե՞ս եմ վախենում ձեզանից,— գոչեց համեստ