Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/188

Այս էջը հաստատված է

օրիորդն այնպիսի լուրջ ձայնով, որ Միքայելը չէր սպասում նրանից։— Սխալվում եք...

Տարօրինակ բան. քանի Միքայելը հեռվից հեռու էր հետամուտ Շուշանիկին, կարծում էր, եթե առանձնանա հետը, կարող է մի քանի րոպեում տիրել նրա սրտին։ Էժանագին հաղթությունները նրա մեջ զարգացրել էին ինքնավստահության ոգին, իսկ Անուշի դյուրին ձեռք բերած սերը համոզել էր նրան, թե իր հրապույրին ոչ մի կին չի կարող հանդուրժել։ Այժմ, այս աղքատ, համեստ, ընտանեկան ծանր պայմաններից ճնշված աղջկա մոտ զգում էր անսովոր վեհերություն։ Այդ լուրջ, խելացի և սիրուն դեմքը, այդ մաքուր, պայծառ աչքերը կաշկանդում էին նրան, ինչպես ոմանց հայացքը զսպում է վայրի գազանի կատաղությունը։ Եվ չնայելով ներքին զորավոր պահանջին գրկել ու համբուրել մի անպաշտպան մաքուր, անարատ էակի, որի նմանը դեռ չկար իր անցյալ հաղթանակների ցանկում — դարձյալ կաշկանդված էր։

Սակայն Շուշանիկի աներկյուղ խոսքերը գրգռեցին նրա անձնասիրությունը։ Ինչպե՜ս, նա՞, այդ հասարակ աղջիկը չի՞ վախենում Միքայել Ալիմյանից, մի մարդուց, որ ամեն բան կարող է անել, եթե ոչ անձնական հրապույրներով, գեթ ամենահաղթ փողի ուժով։

Նրա աչքերի մեջ խաղաց կիրքը, շրթունքներն սկսեցին դողալ։ Շուշանիկի շառագունած այտերը բորբոքել էին նրա արյունը։ Նա փորձեց մոտիկ նստել, գրեթե թևը բոլորովին սեղմելով օրիորդի թևին։ Օրիորդը տեղից շարժվեց, առանց նրան նայելու։ Միքայելը մեջքը կռթնեց կառքի մեջքին։ Կամեցավ բռնել օրիորդի ձեռը, որ, կարծես, անզոր ընկած էր ծնկան վրա։ Նույն վայրկյանին իր վրա հառած տեսավ մի զույգ աչքեր, այնքան գեղեցիկ և միևնույն ժամանակ, այնքան երկյուղալի, որ թևերը թուլացան։ Սակայն պղտոր արյունն արդեն եռում էր։ Նա բռնեց Շուշանիկի ձեռը, որ հանգիստ ընկած էր ծնկան վրա, և ամուր սեղմեց։

— Պարոն Ալիմյան,— լսվեց օրիորդի լուրջ ձայնը, լի հոգեկան վրդովմունքով,— հանգի՛ստ նստեցեք․․․

Խլեց ձեռը հանդարտ և դարձյալ հեռացավ։ Միքայելը