Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/189

Այս էջը հաստատված է

կորցնում էր իրեն։ Օրիորդի սառնությունն ավելի ու ավելի էր բորբոքում նրա արյունը։ Մի վայրկյան մտադրվեց գործ դնել բռնություն, բայց միայն մի վայրկյան։ Նայեց օրիորդի մաքուր պրոֆիլին և նույնիսկ դեմքի գույնի մեջ զգաց նրա հոգու անարատությունը։ Սակայն կիրքն արդեն կուրացնում էր նրան, իսկ վիրավորված ինքնասիրությունը թուլացել էր։ Նա չկարողացավ այլևս զսպել իրեն և գրեթե անգիտակցաբար, մթագնած ուղեղով և բուռն զգացումների թափից անզորացած չոքեց կառքի մեջ, օրիորդի առջև...

— Ապտակեցե՛ք ինձ, բայց ես... ես... ձեզ սիրում եմ... Այո՛, սիրում եմ․․․ Այրվում եմ, հասկանո՞ւմ եք, կրակի մեջ եմ... Հենց առաջին օրից դուք ինձ խելքից հանեցիք... Երբեք, երբեք ոչ մի կին ինձ այդքան չի գժվեցրել... Օրիորդ, ամեն բան, ամեն բան կանեմ ձեզ համար, կտամ բոլոր հարստությունս, հասկանո՞ւմ եք, բոլոր հարստությունս, միայն, միայն... մի համբույր...

Շուշանիկը զայրացած նայեց նրա կրքից վառված աչքերին և զգաց նրա հոգու զազրելի ձգտումը։ Դյութական «սեր» բառը նրա բերանից հնչում էր, որպես լպիրշ անարգանք։

Եվ նա մի ոտը դրեց կառքի բազրոտի վրա, կամեցավ ցած թռչել այն միջոցին, երբ ձիերը հողմի պես էին սլանում ամայի դաշտում, հայտնի չէ ուր։

— Կանգ առեք, խելագար,— գոչեց Միքայելը,— բռնելով նրա թևը և ուժով տեղը նստեցնելով,— դուք ձեր հիմար գլուխը ջարդ ու փշուր կանեք...

— Հրամայեցե՛ք կառապանին քշել դեպի մեր հանքերը...

Երբեք ոչ մի ձայն այնքան սոսկալի չէր թվացել Միքայելին, որքան այդ անպաշտպան, թույլ աղջկա ձայնը: Նա զղջաց իր անզգուշության մասին, ամոթից կարմրեց և գուցե դա առաջին ամոթն էր նրա կյանքում այն օրից, երբ ճանաչել էր կանանց։ Փայտի ծայրով խփեց կառապանի թևին։ Կառքը հետ դարձավ և մի քանի րոպեում մտավ մեծ ճանապարհը։

Նրանք այլևս լուռ էին։ Միքայելին պաշարեցին խառն