Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/190

Այս էջը հաստատված է

զգացումներ։ Նա և՛ ամաչում էր, և՛ բարկանում, և՛ ուզում էր ներում խնդրել, և՛ ուզում էր վրեժ առնել։ Մի բան պարզ էր, երբեք ոչ մի կնոջ մեջ այդչափ բարոյական ուժ չէր զգադցել։ Եվ որքա՜ն արհամարհանք կար այդ աղքատ օրիորդի դեմքի վրա, որքա՜ն ատելություն դեպի իր հարուստ, գեղեցխկ, երիտասարդ ուղեկիցը։

Կառքն արագ-արագ մոտենում էր Ալիմյանների հանքերին։ Միքայելը նույնպես աշխատում էր սառը երևալ, որպես սառն էր Շուշանիկը, ցույց տալ այդ խեղճ անդամալույծի աղջկան, թե Ալիմյանի համար նա ոչինչ արժեք չունի, ոչինչ, նույնիսկ մի հասարակ աղախնի չափ։

— Ես ցավում եմ ձեր մասին,— ասաց նա, ուսերը վեր քաշելով,— հիմա տանը պիտի սկսեն հանդիմանել ձեզ, և քանի՞ հոգի — ձեր մայրը, հայրը, հորեղբայրը, մորեղբայրը, գուցե և երեխաները, գուցե և ձեր աղախինը։

— Ինչո՞ւ։

— Որովհետև արժանի համարեցիք Միքայել Ալիմյանի պես մի անպիտան, զզվելի, գարշելի մարդու հետ կես ժամ կառքով զբոսնել․․․ Ի՞նչ պատիվ մի չնչին մարդու համար․․․

Հեգնությունը չազդեց Շուշանիկի վրա։ Նա միայն ասաց.

— Իմ խիղճը հանգիստ է։

Կառքն արդեն մոտենում էր գրասենյակին։ Միքայելը զգաց պահանջ մի ներողամիտ ժպտի արժանանալու։

— Օրիորդ,— ասաց նա, եղանակը փոխելով,— կկամենայի իմանալ ի՞նչ եք մտածում իմ մասին։

— Ձեր մասի՞ն․․․ ոչինչ․․․ 

— Ոչինչ,— կրկնեց Միքայելը,— և այդ վիրավորանքը ես տանո՞ւմ եմ․․․ Հայհոյեցեք ինձ, ատեցեք, բայց մի՛ ասեք, թե ոչինչ չեք մտածում․․․

— Ես մտածում եմ, թե որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ,— ասաց և շտապով կառքից ցած իջավ, կարծես չկամենալով իր խոսքերի պատասխանը լսել։

Ահա ինչ, այդ աղքատ աղջիկն այնքան հպարտ է, որ մինչև անգամ արժանի չհամարեց Միքայել Ալիմյանին ձեռ տալու։ Դա արդեն չափազանցություն է։ Ծաղրվել մի գործակատարի