Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/191

Այս էջը հաստատված է

եղբոր աղջկա կողմից, ստորանալ նրա առջև և այն էլ նպատակին չհասած — այդ դյուրին մարսելու բան չէր Միքայելի համար։ Նա կատաղությունից կառքի վրա պտույտ-պտույտ էր անում, ձեռն ուժգին զարկում էր ծնկին, մատների ծայրերը խաձնում էր անխնա և ինքն իրեն հայհոյում, որ այնքան ստորացրեց իրեն։

«Որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ», հնչում էին նրա ականջին օրիորդի վերջին խոսքերը։ Ահա՛ այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ նա Սմբատին հավանում է, Միքայելին արհամարհում։ Շատ գեղեցիկ, թող արհամարհի, Միքայել Ալիմյանը պարտքի տակ մնացող չի։ Նա կառնի վրեժը։

Նա հրամայեց կառապանին դառնալ դեպի շատրվանը։ Անտոնինա Իվանովնան չկար։ Նա արդեն իր եղբոր հետ վերադարձել էր քաղաք։ Մոսիկոն, Մելքոնը և Քյազիմ-բեգը կատակներ էին անում շատրվանի տիրոջ հետ։ Իսկ շատրվանը շարունակ արտավիժում էր նախկին սայլապանի համար միլիոններ։

Միքայելն իր ընկերների հետ վերադարձավ քաղաք։ ճանապարհին Քյազիմ-բեգը, որ նրա հետ նստած էր մի կառքում, շարունակ հարց ու փորձ էր անում Շուշանիկի մասին։

— Անիրավ, դու անկյուններում թաքցրած գոհարներ ունես ու ինձ չե՞ս ասում։

—Քյազիմ, կատակ մի՛ անիլ այդ աղջկա մասին. նա քո ասածներից չէ,— պատվիրեց Միքայելը խիստ եղանակով։

— Օհո՜, թազա խաբար,— գոչեց Քյազիմ-բեգը, բայց և դադարեց խոսել օրիորդի մասին։

Միքայելը մերթ ընդ մերթ հառաչում էր, հիշելով Շուշանիկի արհամարհական ժպիտները և մանավանդ վերջին խոսքերը։

— Ի՞նչ կա, սիրելիս, ինչո՞ւ ես տխուր,— հարցրեց վերջապես Քյազիմ-բեգը։

— Չգիտեմ. թվում է, որ ինձ մի բան պիտի պատահի, մի դժբախտություն։