Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/192

Այս էջը հաստատված է

— Հիմար-հիմար մի՛ խոսիր, երեկոյան կգաս կլուբ, պիտի ուրիշ տեղ գնանք․․․

Սակայն Միքայելի նախազգացումը պիտի արդարանար հենց կլուբում և արդարանար այն կողմից, ուսկից չէր սպասում ոչ մի դժբախտություն կամ դադարել էր սպասել։

Ութ ժամին բոլոր ընկերները կլուբումն էին, երբ Միքայելը ներս մտավ։ Պակասում էր Գրիշան։ Սպասում էին նրան, որ միասին գնան իրենց ընկեր սպայի տունը, ուր այդ երեկո նշանակված էր «շտոս»։

Միքայելը ներքուստ վախեցավ։ Նախազգացումը թելադրում էր նրան չտեսնվել Գրիշայի հետ, բայց անձնասիրությունը ստիպում էր տեսնվել։ Նա սկսեց իրեն խրախուսել այն մտքով, թե Գրիշան ոչինչ չգիտե իր քրոջ խայտառակության մասին, եթե իմացած լիներ, հազիվ թե լռեր մինչև այսօր։ Է՜է, հնացավ, մոռացվեց։ Այժմ նույնիսկ Պետրոս Ղուլամյանից վախենալու առիթ չկա։ Ահա նա, անցնում է իր նման մի խանութպանի հետ, տաք-տաք խոսելով, երևի առևտրի մասին։ Խե՛ղճ մարդ, երկչո՜տ մարդ, աննամո՜ւս մարդ, չկարողացար պատիվդ պաշտպանել։ Երևի թույնդ թափում ես կնոջդ գլխին։ Ո՞վ գիտե, օրը քանի անգամ ես ծեծում։ Ծեծի՛ր, ծեծի՛ր, բայց վիրավորանքդ կուլ տուր, բոլորն այժմ այդպես են անում...

Մտածելով այսպես, Միքայելն ընկերների հետ անցավ սեղանատուն։ Քնահարբ Մոսիկոն «սպասվող ճակատամարտի համար» իրեն ուզում էր ամրացնել մի քանի բաժակ կոնյակով։ Պապաշան հոգնած էր, ախորժակ չուներ քեֆ անելու։ Քյազիմ-բեգն ասում էր, թե նա ուզում է փախչել «նոր որսի մոտ»։ Մելքոնը դարձյալ գանգատվում էր կնոջ դեմ։ Ախ, ի՜նչ երկնային պատիժ դարձավ այդ կինը նրա գլխին։ Երևակայեցեք, կնոջ ծնողները փեսայիս են մեղավոր համարում իրենց աղջկա հիվանդության համար։

— Կնոջս հիմար եղբայրը, դդմագլուխ բժիշկը հավատացրել է նրանց, որ ես եմ վարակել կնոջս, այ խաթաբալա՜։ Տղերք, չլինի թե ամուսնանաք, Պապաշան թող ձեր իդեալը լինի․․․

Եկավ և՛ Գրիշան։ Արդեն հեռվից կարելի էր զգալ, որ