և կողմնակի անձինք ապտակի հնչյունին երես դարձրին, մոտեցան խմրին։
Գրիշան սառն էր և արհամարհանքով նայում էր հակառակորդին, ձեռքերը վարտիքի գրպանները դրած։ Միքայելը գոռում Էր, ուժ անելով ազատվել բռնողների ձեռքերից։ Նրա երեսը կապտել էր, ականջների բլթակները դեղնել էին դեղին կեռասի պես, բերանը փրփուր էր կոխել: Նրա կուրծքը դուրս էր ցցվել, կոկորդի երակներն ուռել էին ու կապտել։ Նա ոտները ուժգին զարկում էր հատակին, աղղակելով.
— Թողե՛ք, անաստվածներ, թողե՛ք, թե չէ կտրաքեմ...
Ձայնը խեղդվում էր կոկորդում։ Ապտակն այրում էր երեսը, որպես շիկացած երկաթի հպումը։ Ի՜նչ ամոթ, ի՜նչ խայտառակություն և ո՞րտեղ։ Միայն Գրիշան կարող էր վիրավորանքն այդպիսի էֆեկտով հասցնել։ Ա՜ա, բոլորը ծաղրում են Միքայելին, բոլորի դեմքերն արտահայտում են ցավակցություն։ Նա, Միքայել Ալիմյանը, այսպես անպատի՞վ լինի, այսքան բազմության մե՞ջ, բարեկամների ու թշնամիների մո՞տ։ Անաստվածնե՛ր, թողեք գոնե մի անգամ ատրճանակն արձակի։
Գրիշային հեռացրին։
Մի կերպ հեոացրին և՛ Միքայելին։
Սեղանատունն ավելի ու ավելի էր լցվում հանդիսականներով։ Սկսվեց թեր ու դեմ խոսակցություն։ Ոմանք անցան Գրիշայի կողմը, արժեր այդ Ալիմյանին մի անգամ խայտառակել, շատ էր փքվել։ Մեծամասնությունը Միքայելին էր պաշտպանում։ Շատերը պախարակում էին երկուսին էլ հավասար։ Գիմնազիոնի մի քանի ուսուցիչներ և դատարանի անդամները պահանջեցին իսկույն արձանագրություն կազմել և վաղն ևեթ երկուսին էլ վռնդել կլուբից։
Միքայելին ուժով կառք նստեցրին, սլացրին տուն։
Սմբատը գունատվեց, լսելով եղբոր անպատվությունը։
Այրի Ոսկեհատը մի սուր ճիչ արձակեց։
Անտոնինա Իվանովնան արհամարհական հայացք ձգեց հասարակական ապտակ ուտողի վրա։