Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/196

Այս էջը հաստատված է

— Գիտե՞ս ինչ, Միքայել, դու կարող ես ինձանից գաղտնիքներ ունենալ, այդ շատ բնական է։ Բայց խնայիր մորդ։ Դու լռում ես, իսկ այդ խեղճ կինը կարծում է, թե դժբախտությունը շատ մեծ է։ Նա հազար ու մի ենթադրություններ է անում։

Արդեն լռությունը նույնիսկ Միքայելի համար անտանելի էր։ Նա ինքն զգում էր պահանջ գաղտնիքը մեկին հաղորդելու։ Սմբատի առնական ձայնը և բարեհամբույր դեմքը նրան խրախուսեցին և ակամա տրամադրեցին անկեղծ լինել։

Նա սկսեց ակնարկներով, մութ խոսքերով, սկսեց տատանվելով և շփոթվելով։ Բայց այս երկար չտևեց։ Երբ տեսավ, որ Սմբատն այնքան էլ չզայրացավ, որ նա սիրահարվել է ամուսնացած կնոջ վրա, ավելի պարզախոս դարձավ։ Սակայն դեռ թաքցնում էր իր կրքերի զոհ կնոջ անունը։ Աշխատում էր իրեն ներկայացնել մի տեսակ ռոմանտիկական ասպետ, կիրքը պատկերացնում էր իբրև իդեալական սեր, հանցավոր կապին տալիս էր ինչ-որ երկնային խորհրդավորություն։

Սմբատը լուռ լսում էր։ Պատմողի փքուն խոսքերի և ոսկեզօծ նկարագրությունների մեջ որոնում էր էականը. կա՞ արդյոք, իսկական սեր։ Եվ, հակառակ նույնիսկ իր ջերմ փափագին, չէր գտնում։ Որքան ևս Միքայելն աշխատեր իրականը քողարկել, երբեմն շեղվում էր և ասպարեզ հանում անասնական կրքերի գլխավոր դերը երևակայական սիրո մեջ։

— Բայց ո՞վ է այդ կինը, որ այդքան հրապուրել է քեզ, երևի, մի հազվագյուտ էակ է...

Հարցը շփոթեցրեց Միքայելին միայն այն պատճառով, որ նա զգաց, թե չափազանց բարձրացնելով իր սերը, ակամա բարձրացրեց մինչև երկինք և սիրո առարկային։

— Հայ կին է, բավական հայտնի,— կարողացավ նա միայն պատասխանել։

— Եվ ի՞նչ կապ ունե Հաբեթյանի հետ քո սերը...

— Այդ կինը Գրիշայի քույրն է։

— Տիկին Ղուլամյա՜նը,— գոչեց Սմբատը, ցնցվելով։