Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/203

Այս էջը հաստատված է

ունեն — դատել ուրիշներին և ծաղրել։ Նրանք չպիտի լինեն քո դատավորը, ո՛չ, այլ դու ինքդ։ Աշխատիր այսուհետև քեզ մաքրել, փոխի՛ր կյանքդ արմատապես, հասկանո՞ւմ ես, արմատապես, և այն ժամանակ ծաղրվելու փոխարեն ինքդ կծաղրես ուրիշներին։

Նա կանգ առավ, նայեց եղբոր երեսին, որ հետզհետե փոխվում էր, և շարունակեց ավելի զգացված։

— Մեխա՛կ, նույնիսկ եղեռնագործի համար ուղղվելու ճանապարհ կա։ Ուղղի՛ր քեզ, և թող ուրիշները որքան ուզում են չարախոսեն։ Այն ժամանակ դու կհասկանաս, ինչ երջանիկ զգացում է արհամարհանք ասված բանը։ Լսի՛ր, Մեխա՛կ. մի՞թե քո սրտում չի մնացել մի առողջ թել, քո հոգու մեջ մի մաքուր անկյուն։ Մի՞թե կյանքի մեջ չես տեսնում ավելի բարձր հաճույք, քան անասնական կրքերին ծառայելը... Լսի՛ր, դու կյանքի միայն մի երեսն ես տեսել, կա և ուրիշը։ Դու ընդունել ես մինչև այժմ աշխարհի քաղցր թույնը, բայց կա և՛ դառը թույն։ Թաղցրը սպանում է, դառը՝ մաքրում...

Նա դարձյալ կանգ առավ, շունչն ուղղելու համար։ Նա ոգևորվել էր Միքայելի ուշադրությունից։ Մի ժամ առաջ հյուրերի մոտ նա խոսում էր խելքի թելադրությամբ։ Այժմ խոսում էին զգացումները։ Թվում էր նրան, որ իր խոսքերն ազդում են եղբոր ապականված հոգու վրա և ստիպում նրան, վերջապես, բանալ աչքերը և լուրջ նայել կյանքին։

— Պատմելով քո կրքերի մասին,— շարունակեց նա դառնությամբ,— դու վիրավորեցիր սիրո զգացումը։ Եթե սիրեիր, խնդիրն այս կերպարանքը չէր ստանալ։ Դու կզոհեիր այդ կնոջն ամեն բան, և դա կլիներ քո պատիժը։ Մի՛ նայիր ինձ զարմացած։ Ես պատճառ ունեմ այսպես խոսելոս Մարդկային եսամոլությունն անսահման է և, խրատելով քեզ, ես չեմ կարողանում մոռանալ իմ ցավերը։ Մեխակ, քո դրությանը չեմ նախանձում, բայց ինքս ավելի վատ դրության մեջ եմ այժմ։ Ա՞յժմ, ո՛չ, ահա յոթ տարի է... Քո ապագան դեռ քո առջև է, իսկ իմը հավիտյան աղավաղվել է։ Քեզ կույր կիրքն է խաբել, ինձ խաբել է պայծառ սերը։ Ի՞նչ եմ