Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/209

Այս էջը հաստատված է

— Փողը նրա հասակի աղայի ձեռքին մի սուր դանակ է։ Պահիր նրան տկլոր, քաղցած, կտեսնես, որ կխելոքանա։

Այրին չէր լսում նրան։ Ի՞նչ. Արշակին փող չտալ, էլ ո՞ր օրվա համար է նրա հայրն այսքան հարստություն դիզել։ Վերջապես ամոթ չէ՞, որ նա գրպանում փող չունենա, երբ բոլոր ընկերներն ունեն։

Սակայն մի օր Ոսկեհատը փորձեց կատարել եղբոր խորհուրդը։ Եվ ի՞նչ դառն փորձ էր այն։ Նախընթաց երեկո Արշակը թղթախաղում տանուլ էր տվել, այսօր պարտավոր էր վճարել պարտքը։ Առավոտը նա մտավ մոր սենյակն այն ժամանակ, երբ այրին նոր էր հագնվում։

— Մոտդ փող կա՞,— հարցրեց նա, ձեռները վարտիքի գրպանները դնելով։

— Էլի ի՞նչ ես անում, չէ՞ որ երեկ տվեցի։

— Դու ասա, փող կա՞ մոտդ։

— Չկա։

Արշակը գլխաբաց վազեց ներքև, մտավ գրասենյակ, կանգնեց երկաթե վանդակապատի առջև, որի հետևում նստած էր Սրաֆիոն Գասպարիչը, շքանշանը կրծքին, բեղերը ոլորած, դեմքը խոժոռած այնպես, որ կարծես պատրաստ էր առաջին պատահողի հետ կռվելու։

— Քեռի՛, սնդուկդ բաց արա, տեսնեմ․․․ 

Ծերունին հեգնորեն ժպտաց։ Արդեն նա վաղուց էր սպասում այն օրին, երբ կկարողանա մերժել պատանուն փող տալու։

— Չե՞ս լսում, սնդուկդ բաց արա,— կրկնեց Արշակը, վիրավորված մորեղբոր ժպտից։

— Չեմ կարող։

— Ուրեմն, բանալին տուր, ես բաց կանեմ։

— Բան չկա սնդուկում։

— Բանկից բերել տուր։

— Գնա Սմբատին ասա, հետո։ Առանց նրա հրամանի ես ծախս չեմ անում։

— Սմբատն ո՞վ է։

— Սմբատը ֆիրմայի գլխավորն է, ներկայացուցիչը և քո հոգաբարձուն։