Արշակը, սուգի նշան սև լաթը թևին կապած, մոլոր հայացքով նայում էր աջ ու ձախ։ Զգում էր մարմնական թուլություն ու քաղց, որովհետև գիշերը լավ չէր քնել և առավոտից էլ բան չէր կերել։ Ձանձրալի էին նրա համար պատարագչի չոր ու զիլ ձայնը, ծանր, հանդիսավոր շեշտերն ամեն բառի վրա, այդ միապաղաղ «ալելույաները» և «խաղաղություն ամենեցունները», տիրացուների աններդաշնակ ձայները, խուռն ամբոխի շշնջյունները, բուրվառից բարձրացող ծուխը, քշոցների ձնձղոցը, բազմաթիվ մոմերի լույսն ու մուխը։ Հոր մահն այժմ նրան ուրախացնում էր, չէ՞ որ նա ազատվեց, վերջապես, մանրակրկիտ ժլատ և խստասիրտ վերահսկողից։
Միքայելի սիրտը ճնշվում էր, ներվերը թուլացել էին, երեսը երկայնացել, աչքերի տակերի խորշերը լայնացել և կապտել։ Ամբողջ գիշերը չէր քնել։ Այն պահից, երբ իմացավ հոր կտակի բովանդակությունը, դագաղը նրա համար դարձավ ատելի ու զազրելի։ Այժմ նրան թվում էր, որ սառն ու քարացած դիակը ծաղրում է իրեն, ծիծաղում չարախինդ ու չարախնդիր` որպես մի անծանոթ աշխարհից եկած դևային ուրվական, որ խլել է նրա երջանկությունը։ Եվ արդարև, մի՞թե ծայրեիծայր անամոթ ծաղր չէ ամբողջ կտակը։ Դնել քսան և ութ տարեկան տղամարդին ուրիշի հրամանատարության տակ — մի՞թե կարող է մի հայր ավելի դաժանորեն պատժել իր հարազատ որդուն։ Օ՜, անողո՛ք ծերուկ։ Իսկ նա միամտաբար կարծում էր, թե այդ մարդու մահով կազատվի, վերջապես, ձանձրալի հսկողությունից, անտանելի կշտամբանքներից, կդառնա ինքնագլուխ, կապրե ինչպես ցանկանում է, կծախսե որքան կամենում է։ Կանգնած ավագ եղբոր աջ կողմում թվում էր նրան, թե կանգնած է մի օտար, անկոչ հյուրի հետ, որ հեռու աշխարհից գալով, ուժով մտել է նրա սեփական տունը, տիրացել նրա իրավունքներին, ինչպես մի հրոսակ։ Չէ՞ որ այդ մարդն ութ տարի գոյություն ուներ իր հոր կյանքում ոչ ուրիշ բանի համար, եթե ոչ կատաղության ու անեծքների. չէ՞ որ նա առմիշտ աքսորված էր ծնողների տնից, լքված ու թքված որպես