Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/217

Այս էջը հաստատված է

հեռու է իր մտավոր աշխարհով, նույնքան մոտիկ է արյունով, հոգով ու կաթով։

— Թողեք ինձ վերադառնամ այնտեղ, որտեղից եկել եմ,— ասաց մի օր Անտոնինա Իվանովնան,— դուք այժմ հարուստ եք, կարող եք ապահովել մեր երեխաներին։ Դուք ինձ չեք սիրում, չեմ սիրում և ես ձեզ։ Դուք սխալվել եք, ես էլ եմ սխալվել։ Տվեք ինձ երեխաներին, կտամ ձեզ անպայման ազատություն։

— Մի՞թե,— գոչեց Սմբատը զայրացած,— արհամարհում եմ ձեր խոստացած ազատությունը, ինձ համար թանկ են միայն իմ երեխաները։

Վեճը հենց այստեղ էլ ընդհատվեց Ալեքսեյ Իվանովիչի գալով։ Նա հագած էր վերջին տարազի հագուստ՝ լայն վարտիք, կարճ պիջակ՝ կլորաձև փեշերով և միայն մի զույգ կոճակներով, կուրծքը կիսով չափ բաց ժիլետ և ասեղնագործ շապիկ բարձր երկծալ օձիքով։

— Սմբատ Մարկիչ,— դարձավ նա իր փեսային, պենսնեն ուղղելով,— մեզ ե՞րբ եք տանելու հավիտենական կրակները ցույց տալու։ Ասում են՝ շատ հետաքրքրական է, ես ուզում եմ տեսնել կրակապաշտների տաճարը։

Սմբատն առանց պատասխանելու դուրս եկավ կնոջ սենյակից։

Ալեքսեյ Իվանովիչը, ունքերը վեր բարձրացնելով, մի զարմացական հայացք ձգեց նրա հետևից և ապա, դառնալով քրոջը՝ ասաց.

— Զարմանալի անքաղաքավարի են այդ ասիացիները, բնավ չգիտեն հյուրի հետ վարվել։

— Իսկ հյուրն էլ բնավ չգիտե իր պատիվը ճանաչել,— նկատեց քույրը հանդիմանաբար։

— Ի՞նչ հիմար բան ասացիր, Անտոնի՛նա։

— Ես լուրջ եմ խոսում. ասա խնդրեմ, վերջապես, ե՞րբ ես վերադառնալու Մոսկվա։

— Վերադառնա՞լ,— կրկնեց Ալեքսեյ Իվանովիչը.— սպասիր, դեռ նոր եմ եկել, ի՜նչ ես ինձ, այսպես ասած, վռնդում տնիցդ...

— Դու կարող ես ուշանալ և պաշտոնից զրկվել: