Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/220

Այս էջը հաստատված է

բրյունետները մեզանում մեծ գին ունեն, մանավանդ այդ կոպիտ կովկասցիները, աա՞:

— Լավ, բավական է,— ընդհատեց Անտոնինա Իվանովնան եղբոր շաղակրատությունը,— թող այu նամակը վերջացնեմ։

Նա նստեց սեղանի քով, հուզված և շարունակեց ընդհատված գրությունը:

Այնուամենայնիվ, դու պիտի հաշտվես Սմբատ Մարկիչի հետ։ Միլիոներ է, քույրիկս, հասկանո՞ւմ ես, ինչ ասել է միլիոներ, այն էլ մեր երկաթի դարում, աա՞։

Եվ գուցե, համոզված, որ վերջին խոսքերը կարող են ազդել համառ քրոջ վրա, նա, պենսնեն ուղղելով և աչքերը ճպճպելով, դուրս գնաց։

II

Միքայելի համար սկսվեցին ծանր, դաժան ժամեր. ժամեր, լի դառն տանջանքներով, անսովոր խոհերով։ Մի կողմից վիրավորված պատվի զգացումը և հասարակական ծաղրն ու արհամարհանքը, մյուս կողմից՝ խղճի խայթը — նրա հոգին ճնշում էին, սիրտը մորմոքում։ Այն միտքը, թե դեռ Գրիշայից վրեժ չի առել, ստիպում էր նրան մենության մեջ փետտել մազերը, կրծոտել մատները, փակված վագրի պես անընդհատ անց ու դարձ անելով իր սենյակում։ Այն միտքը, թե անզոր է այդ վրեժն առնելու, դրդում էր նրան անիծել սեփական թուլությունը, հայհոյելով անգամ ինքն իրեն։

Նա երկչոտ չէր, կարող էր իր պատիվը պաշտպանել նույնիսկ կյանքի գնով։ Բայց եղբոր խոսքերն ազդել էին նրա վրա և ազդել շատ խորը։ Իսկ այդ խոսքերի ազդեցությամբ նրա մեջ հղացել էր մի ուրիշ զգացում, ավելի ծանր, քան տիկին Ղուլամյանի վերաբերմամբ գործած հանցանքի գիտակցությունը։ Դա օրիորդ Շուշանիկի վերաբերմամբ գործած սխալն էր։ Ապտակը նա համարում էր իր հանցանքի արժանի պատիժը։ Իսկ մի մաքուր, անարատ աղջկա