Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/221

Այս էջը հաստատված է

դեմ գործած մեղքը դեռ մնում է անպատիժ։ Ուրիշ ժամանակ այդ մեղքը նա կհամարեր երիտասարդական խաղ, անցողիկ կատակ։ Է՛հ, ինչ արավ. փորձեց մոլորեցնել մի անմեղ աղջկա և չկարողացավ։ Մի՞թե ուրիշները քիչ են անում այդպիսի փորձեր, և ո՞վ է իրեն դատապարտում երեխայական խաղերի համար։ Շուշանիկի պատիվն անխախտ է։ Բայց ո՛չ, աղքատ աղջկա հուզված ու վրդովված կերպարանքը հալածում էր նրան ավելի խիստ, ավելի անողոք, քան արատավորված Անուշի կուշտ կերպարանքը։ Նրա ականջներին շարունակ հնչում էին այդ աղջկա լուրջ ու արհամարհական խոսքերը. «Որքա՜ն զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։

Ո՞րն է այդ զանզանությունը։ Մի՞թե այն, որ Սմբատը մի քիչ ավելի է ուսում առած, ավելի զարգացած, գուցե և ավեչի խելոք, քան Միքայելը։ Ո՛չ, անկասկած այդ աղջիկը ակնարկեց մեկի ու մյուսի կենցաղների մեջ եղած տարբերությունը։ Արդարև, մի՞թե Սմբատը թույլ կտա իրեն այնպես վերաբերվել մի անպաշտպան աղջկա։

Ահ, ի՞նչ հիմարություն արավ նա և ինչո՞ւ։ Մի՞թե ստոր, անասնական կիրքն այնքան ապականել է նրա հոգին, որ այլևս ոչ մի սրբություն չի մնացել նրա համար։ Այդքան վառվռուն, կրակոտ կանանցից հետո այդ համեստ աղջկա մաքուր ձայնը, պայծառ աչքերը գրավեցին նրան ինչպես նորություն ու թարմություն։ Համադամ խորտիկներից ձանձրացած ստամոքսը երբեմն հասարակ բուսեղեն կերակրի պահանջ է զգում։ Քմքի րոպեակա՞ն հաճույք, կուշտ սրտի անցողի՜կ փափագ, որ դրդեց նրան այդչափ ստորանալ մի աղքատ ու անհայտ աղջկա առջև։ Բայց ինչո՞ւ այդ աղջկա ձայնը հնչեց նրա ականջին այնքան սոսկալի և ինչո՞ւ այսօր հալածում է նրան նույնիսկ այն պահին, երբ պարտավոր է մտածել միայն իր պատվի վերականգնման մասին։

«Կփափագեի, որ մի օր քո մեջ զարթներ իսկական սիրո զգացմունքը», հիշում էր նա Սմբատի խոսքերը։ Եվ իրիկնային մթության մեջ, մեն-մենակ նստած իր ննջարանում, այս խոսքերի ազդեցությամբ վերլուծում էր իր զգացումները