Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/222

Այս էջը հաստատված է

կանանց վերաբերմամբ։ Նա տեսնում էր սրտի ծայրահեղ ապականություն, և ուրիշ ոչինչ։ Նա ոչ միայն չի սիրել, այլև անպատվել է այդ մաքուր զգացումը, անասնական ախտը սիրո տեղ շռայլելով։ Նա իր բնական ծարավը միշտ հագեցրել է կեղտոտ աղբյուրներից։ Երբեք չի հարգել կին ասված էակին, նույնիսկ այդ Անուշին։ Իհարկե, այդ աղջիկն իրավունք ունի նրան արհամարհելու։

Որքան նա աշխատում էր մոռանալ անմեղ կերպարանքը, այնքան ավելի էր հալածվում նրանից։ Ապտակի լուրը տարածվել է ամբողջ քաղաքում, այսօր, վաղը, իհարկե, հայտնվելու է և՛ նրա ամոթալի պատճառը։ Եվ ոչ ոքի կարծիքը նրան չէր վախեցնում այնքան, որքան Շուշանիկինը։ Սենյակի մթության մեջ տեսնում էր մի անկոչ դատավոր, որ զզվանքով չի աչքերը հառել էր նրա երեսին։ Լսում էր սարսափելի շշուկը. «չէ՞ի ասում, որքան զանազանություն կա ձեր և ձեր եղբոր մեջ»։ Կարծես, այդ աղջիկն ամբողջ հասարակական կարծիքի մարմնացումն էր, և կարծես, մարդկությունը կենտրոնացել էր միայն այդ աղջկա մեջ։ Նրան թվում էր, որ եթե միայն Շուշանիկից ներվի, կմոռանա իր անպատվությունը, միևնույն ժամանակ զգում էր, որ եթե բոլորն էլ ներեն, հենց միայն այդ աղջիկը միշտ արհամարհելու է իրեն, միշտ զզվանքով երես է դարձնելու։

Նա վառեց ննջարանի լամպարը, դրեց սեղանի վրա։ Գլուխը բարձրացնելով, պատին քաշ արած հայելու մեջ տեսավ իր դեմքը։ Աչքերի շրջանակները կարմրել էին, այտերը շառագունել։ Նրան թվաց, թե ապտակը ձախ այտի վրա թողել է չորս մատների կապույտ հետքը: Ցնցվեց։ Ա՜խ, երանի թե կարելի լիներ գոնե այս մի հատիկ թերթը պոկել նրա կյանքի գրքույկից և այրել անհետք։ Բայց անկարելի է, և հենց այս մի հատիկ թերթը պիտի բարձրաձայն գոռա նրա բարոյական անկման մասին։

Նայեց իր փափուկ, շքեղ անկողնին և ապա հայացքը դարձրեց դեպի անուշահոտ յուղերի ու ջրերի սրվակները։ Հանկարծ զգաց անսովոր զզվանք դեպի այն բոլորը, որ նրա կանացի զեխության նշաններն էին։

«Մի՞թե քո սրտում չի մնացել մի առողջ անկյուն»,